Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակում հանդիպել են ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները: Ռուսաստանի արտգործնախարարն, ըստ ՌԻԱ Նովոստիի, բարձր է գնահատել Հայաստանի հետ հարաբերությունները: Ի դեպ, հշեցնենք, որ Սոչիում` միջազգային խորհրդակցությունների «Վալդայ» ակումբում, Հայաստանի վարչապետի «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարության լավրովյան հայտնի քննադատությունից հետո սա Լավրով-Մնացականյան առաջին հանդիպումն էր: Անդրադարձել են արդյոք արտգործնախարարներն այդ հայտարարությանը, որտեղ Հայաստանը, ըստ էության, ներկայացվում է որպես բանակցության տապալող, դեռ հայտնի չէ:
Բայց ռուսական մամուլը հաղորդում է, որ այս հանդիպմանը Լավրովը նշել է, որ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ առկա է ինտենսիվ երկխոսություն ամենաբարձր մակարդակում, եւ որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու համագործակցությունը միջազգային ասպարեզում (ԵԱՀԿ, ԵԽ, ՄԱԿ ԵԱՏՄ): Հայաստանի արտգործնախարարն էլ ընդգծել է, որ պետությունների միջեւ առկա է «դրական փոխանակում ինչպես միջազգային օրակարգի, այնպես էլ երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերի վերաբերյալ»։
Մնացականյանը հանդիպել է նաեւ թուրք գործընկեր Ռաշիդ Մերեդովի հետ, քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։ Այլ մանրամասներ այս հանդիպումից դեռեւս չկան: Աշխաբադում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, ի դեպ, աչքի ընկավ մի դրվագով, որը փոթորկեց Հայաստանի քաղաքական-փորձագիտական հատվածը: Ապշերոնի Հեյդարովիչը փորձեց մանեւրել, խեղել պատմությունը: Փաշինյանը, սակայն, չհապաղեց պատասխանել Ալիեւի այս հայտարարությանը. «Հայաստանը հերոսացնում է ֆաշիզմը, եւ նախկին իշխանությունները Երեւանում կանգնեցրել են ֆաշիստական դահիճ ու դավաճան Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհ) հուշարձանը»:
Նիկոլ Փաշինյանը տեղնուտեղը արձագանքեց` շեշտելով` տեղին չէ այս ձեւաչափն օգտագործել պատմությունն աղավաղելու, չափազանց կարեւոր հանդիպման մթնոլորտում լարվածություն մտցնելու համար։ «Իլհամ Ալիեւի ելույթից տպավորություն է առաջանում, որ այդ պատերազմում Հիտլերը միայն երկրորդական դեր ուներ, եւ նացիստական շարժման առաջնորդը Գարեգին Նժդեհն էր։ Ճշմարտությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանում թուրքական օկուպացիայի եւ թուրքերի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության դեմ»,- ասաց Փաշինյանը։
Իսկ ադրբեջանական քարոզչամեքենան այս մասին դեռ ծպտուն չի հանում` ինչու փադիշահը որոշեց այսպիսի ցնդաբանություն բարձրաձայնել ԱՊՀ հարթակում: