Թուրք-սիրիական հարաբերությունները մինչեւ «արաբական գարունը» վերելքի փուլում էին: Միջպետական այդ գործակցությանը զուգահեռ Թուրքիայի ու Սիրայի ղեկավարներ Ռեջեփ Էրդողանն ու Բաշար Ասադը նույնիսկ իրենց ընտանիքների ջերմություն էին ի ցույց դնում աշխարհին: Բայց երբ «արաբական գարունը» 2011թ.-ին հասավ Սիրիա, շրջադարձ եղավ: Այստեղ է՛լ, արաբական շատ այլ երկրներում է՛լ սկսվեց ու ԱՄՆ աջակցությամբ զարգացավ հակակառավարական զինված շարծումը, որի նպատակն ըստ էության Ասադի կառավարության տապալումն էր:
Եւ ուշագրավ է, որ հենց այդ շրջանում Թուրքիան, օտտվելով այդ լարված պահից, որոշեց գահընկեց անել երբեմնի բարեկամ Ասադին: Դաշնակցելով իսլամիստներին` Թուրքիան սկսեց օգնել ու զինել իսլամամետ ծայրահեղական կազմակերպություններին, որոնք դուրս էին եկել Սիրիայի օրինական իշխանությունների դեմ: Այս դաշնակցությունն, օրինակ, «Ալ-Ղաիդա»-ի ահաբեկիչների տեղական թեւը համարվող «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման հետ կամ տխրահռչակ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ, թերեւս, տարօրինակ չէր, եթե նկատենք, որ կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հենց ղեկավար կազմում շատերն են սերտ համագործակցում իսլամականների հետ:
Օրինակ` Էրդողանը հենց ինքն է տեւական ժամանակ անդամակցել «Իսքանդերի զավակներ» խմբին: Ինչո՞ւ է իրականում թուրքական կողմը փորձում խեղճացնել Սիրիային: Ծրագրել են, ըստ ամենայնի, շարունակել տարածաշրջանում Սիրիային թուլացնելու իրենց քաղաքական կուրսը, ինչն էլ կհանգեցնի Թուրքիայի դիրքի ուժեղացմանը. նպատակն է կյանքի կոչել թուրքական երազանքը` Մերձավոր Արեւելքի առաջնագիծ բերել իրենց երկիրը:
Ժամանակին աջակցելով Սիրայի հակակառավարական խռովություններին` չհաջողեցին, այնուամենյանիվ, տապալել սիրիական կառավությունը, բայց այդպիսով Թուրքիան, փաստորեն, աջակցեց նաեւ Սիրիայում քրդերի ուժեղացմանը: Ահա այսօր արդեն նախագահ Էրդողանը հայտարարում է, թե ռազմական այս գործողությունների նպատակն է «վերացնել Թուրքիայի հարավային սահմանին գտնվող ահաբեկչության միջանցքը, չեզոքացնել քուրդ զինյալներին եւ «Իսլամական պետության» ջոկատները, ստեղծել անվտանգության գոտի եւ ապահովել սիրիացի փախստականների վերադարձի պայմաններ»։ Հոկտեմբերի 9-ից ռմբակոծվող Սիրայում կրակի տակ են նաեւ հայաբնակ տարածքները, որոնցում հայերի թիվը հասնում է 3 հազարի:
ԵՄ անդամ բոլոր երկրները դատապարտել են թուրքական ռազմարշավը` հանդես գալով համատեղ կոչով: Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան եւ Նիդեռլանդները հայտարարել են Թուրքիային զենքի մատակարարումը կասեցնելու մասին: