Գինեգործները կկարողանան լիզինգով տարաներ ձեռք բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գինեգործության ոլորտում գործող մի խումբ գործարարներ դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գինեգործները նշել են, որ մթերվող հումքի ծավալների ավելացման եւ պահպանման, արտահանման ծավալների ավելացման նպատակով անհրաժեշտ են հումքի պահման մետաղյա տարողություններ, ինչպես նաեւ գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ, բայց չեն կարող դրանք ձեռք բերել, քանի որ ֆինանսական միջոցներ չունեն, իսկ տրամադրվող վարկային միջոցներն էլ բարձր տոկոսադրույքներ ունեն։

Պարզվում է՝ կառավարությունը մտադիր է պետական աջակցություն տրամադրել նրանց։ Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ գինեգործության ոլորտում գործող տնտեսավարողները լիզինգով կկարողանան ձեռք բերել հիմնական միջոց հաշվառվող հումքի պահման մետաղյա տարողություններ, ինչպես նաեւ գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ։

Բայց պարզվում է, որ ՀՀ կառավարության այս տարվա մարտի 7-ի որոշմամբ ծրագրում կատարվել են որոշ խմբագրական փոփոխություններ. ձեռք բերվող սարքավորումների արժեքի 230 մլն դրամ վերին շեմը բարձրացվել է մինչեւ 450 մլն դրամ։ Բացի այս, ավելացվել է ծրագրի ընդգրկման շրջանակը կաթի տեղափոխման իզոթերմիկ ցիստերներով։

Իսկ, ահա, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի 11 տոկոսային կետով, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արարատյան հարթավայրի արտեզյան ավազանի ջրային պաշարների վերականգնման, արդյունավետ օգտագործման ու կառավարման նպատակով ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման համար ձեռքբերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավել 6 մլն դրամը, կսուբսիդավորվի։

Ի դեպ, տեղեկացնենք, որ այս տարվա սեպտեմբերի 17-ի դրությամբ ծրագրի շրջանակներում առեւտրային բանկերի կողմից ընդունվել են 81 տնտեսավարողի լիզինգի տրամադրման հայտեր՝ շուրջ 4.8 մլրդ դրամի չափով, որոնցից 2019 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ հաստատվել է 67 հայտ՝ 1.4 մլրդ դրամի չափով, իսկ սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 15.3 մլն դրամ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս