Արտակարգ դրություն Բաքվում. բանտերը լեփ-լեցուն են քաղբանտարկյալներով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակաիշխանական ցույցերն ու բողոքի ակցիաները, դժգոհության ալիքն ահագնանում են Ադրբեջանում: Բաքվի ներքաղաքական կյանքն ակնհայտ անկայուն է: Օրերս ընդդիմությունը արտոնված հանրահավաք էր նախաձեռնել, բայց նրանց առաջանորդներից Ադրբեջանի ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քերիմլին, նրա համախոհներ Վահիդ Մագերամլին եւ Թոֆիկ Յագուբլուն ձերբակալվեցին: Նրանք երեքով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դուրս են եկել Քերիմլիի տնից, եւ Հեյդար Ալիեւի անվան պալատի մոտ երեքին էլ մի խումբ այլ ակտիվիստների հետ ձերբակալել են ուժի կիրառումով: Բաքվի ոստիկանական ուժերին չի հաջողվել կանխել դժգոհության ալիքը, լռեցնել բողոքի ակցիան:

Ընդդիմադիրները հակակառավարական կոչեր են վանկարկել: Ոստիկանությունն էլ զանգվածային ձերբակալություններ է սկսել: «Ձերբակալվել է մոտ 100 մարդ, որոնց նստեցրել են երեք ավտոբուս եւ տարել անհայտ ուղղությամբ»,-գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Բաքվի քաղաքապետարանը փոխել է մետրոյի ու ավտոբուսների աշխատանքի ժամանակացույցը, փակել է կենտրոնական փողոցները, որոնցով նախատեսված է եղել ընդդիմադիրների չարտոնված երթը: Հերթական փաստն է աչքի առաջ. նույնիսկ արտոնված ցույցի դեպքում Ադրբեջանի ավատորիտար մեքենան լռեցնում է մարդկանց՝ չթողնելով դժգության ձայնը լսելի դառնա: Բաքվում, կարելի է ասել, արտակարգ դրություն է: Այս իրավիճակը բռնապետական այս երկրի համար աննախադեպ կամ եզակի չէ:

Նրանց բանտերը լեփ-լեցուն են քաղաքական բանտարկյալներով, խոսքի, կարծիքի համար ճաղերի ետեւը գնացած լրագրողներով, բլոգերներով ու քաղհասարակության ներկայացուցիչներով: Այս փաստը մեկ անգամ չէ, որ միջազգային կառույցներն էլ արձանագրել են:

Ու երկրի ներքին լարված իրադրությունից հասարակությանը շեղելու միտումով թերեւս Ալիեւի միտքը կրկին փայլատակեց ու սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շրջանառեցին հայտնի տեսնայութերը, որոնցում Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում հավաքված ադրբեջանցիներն իբրեւ թե մտադիր են «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ պաստառներով շարժվել դեպի Արցախի սահման՝ նպատակադրվելով հատել այն: Այնինչ հայկական կողմում փորձագետները արձանագրեցին, որ այդ տեսանյութերում կան նաեւ ուսանողներ ու նույնիսկ դպրոցականներ:

Այսինքն` փադիշահի սադրիչ միտքն այնքան հեռուն է գնացել, որ, ըստ էության, առաջին հերթին հենց Ապշերոնի լարված օդը պարպելուն ուղղված այս գործողություններում չի խնայել նույնիսկ երեխաներին՝ նրանց դասերից հանելով ու հարվածի տակ դնելով այդ անչափահասաների անվտանգությունը:




Լրահոս