ՏԱՔՍԻՆԵՐԻ ՈԼՈՐՏԸ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ Է ՄՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տաքսի ծառայությունների ոլորտն այդպես էլ չի կանոնակարգվում: Պարզվում է` կառավարության վերջին կառուցվածքային փոփոխություններից հետո տաքսիների ոլորտը հայտնվել է է՛լ ավելի բարձիթողի վիճակում:

2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կարեւոր որոշումներից է լինելու մասնավոր տաքսիներին արտոնագրային վճարից ազատելը: Իսկ, ահա, Շիրակի մարզում բիզնես ֆորումի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ հուլիսի 1-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարներից: Սա նշանակում է, որ Երեւանում ազատվում են ամսական 12 հազար, մարզերում` 8 հազար դրամ վճարից: Վարչապետի այս հայտարարությունից հետո հարյուրավոր տաքսու վարորդներ տեւական ժամանակ է` չեն վճարում 8 եւ 12 հազար դրամ վճարը: Բայց, չնայած սրան, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում դեռեւս փոփոխություններ տեղի չեն ունեցել:
Հիշեցնենք` 2015 թվականին ընդունված լիցենզավորման կարգով տաքսի ծառայություն մատուցող վարորդների համար սահմանված ամսական տուրքը Երեւանում կազմում է 12 հազար դրամ, ՀՀ մյուս քաղաքներում` 8000, 7000, գյուղերում՝ 5000, սահմանամերձ բնակավայրերում` 4000 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս կարգի ընդունումից հետո, պաշտոնական տվյալներով, լիցենզավորվել էր 7769 տրանսպորտային միջոց, որոնցից 5334-ը ֆիզիկական անձինք են, իսկ 165-ը` տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններ` 2435 տրանսպորտային միջոցներով:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման գործակալության (նախկինում` Տրանսպորտի, կապի նախարարության կազմում էր) պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, նկատեց, որ այժմ տաքսիների ոլորտը չի վերահսկվում: Մասնագետի խոսքերով` այն պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով:
«Ոչ թե հանվել է, այլ տաքսի ծառայության լիցենզավորման օրենքը գործում է, ուղղակի վերահսկողություն չկա, որը, հույս ունենք, շուտով կկարգավորվի: Դե, կառուցվածքային փոփոխություններից հետո տեսչական նոր մարմին ստեղծվեց: Հիմա կանոնավոր ուղղությամբ սկսել են աշխատել, բայց տաքսիների մասով դեռ չեն վերահսկում: Նախարարությունն այլեւս տեսչություն չունի, մենք տեղափոխվել ենք Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, այնտեղ լիցենզավորման նոր կարգ է մշակվում»,- տեղեկացրեց Ստեփանյանը:
Նրա խոսքով` «Տաքսու վարորդներն էլ են թյուրիմացության մեջ, վարչապետը հայտարարեց, բայց դա, ասենք, ազդակ է, հանձնարարություն կամ առաջարկ է պետական համապատասխան լիազոր մարմիններին, որ այդ տեսակի նոր կարգ մշակեն ու վարչապետի մոտեցումները, հանձնարարությունները դնեն դրա հիմքում: Բայց քանի դեռ նոր կարգ չի ընդունվել, հինը գործում է: Հին կարգը դեռ ոչ ոք ուժը կորցրած չի ճանաչել: Այսինքն` հիմա լիցենզիա ունեցողները շարունակում են պետական տուրքը մուծել, իսկ ուղղակի հակասությունն այն է, որ հսկողություն չկա, մեծ մասը բերեցին հանձնեցին լիցենզիան, բայց հին օրենքն է գործում»,- հայտարարեց պաշտոնյան:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` տաքսու վարորդները, չվճարելով այդ գումարները, հետագայում խնդիրներ կունենա՞ն կուտակված պարտքերի հետ, թե՞ ոչ, Արայիկ Ստեփանյանը չկարողացավ որեւէ բան ասել: «Եթե վերահսկողությունը սկսվեց… ես ուղղակի չեմ կարող ասել, հիմա վերահսկողություն կլինի, թե նոր կարգը կմշակվի, ու նոր օրենսդրությամբ կսկսվի վերահսկողությունը: Քանի որ հին կարգով վերահսկողություն սկսելը մի քիչ ճիշտ չի լինի, որովհետեւ վարչապետը հայտարարեց, եւ պետք է փոփոխություն անենք, ապա վերահսկենք արդեն նոր օրենքով, որպեսզի վարչապետի հանձնարարությունն էլ հիմքում դրվի»,- նշեց Ստեփանյանը: Նա զրույցի ընթացքում դժվարացավ ժամկետներ նշել, թե երբ պատրաստ կլինի փոփոխությունների փաթեթը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առանց լիցենզիայի մարդատար-տաքսիների մասով տրանսպորտային տեսչության կողմից 2016-2018 թվականներին կայացվել են թվով 5078 վարչական ակտեր, որից վճարվել են 2455-ը: Թվով 3623 վարչական ակտերի մասով վարչական հասցեատերերի կողմից վճարումներ չեն կատարվել` հաշվի առնելով նրանց սոցիալ-տնտեսական պայմանները: Եւ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է հերթական համաներումը կիրառել լիցենզավորման կարգը խախտած անհատ տաքսի մեքենաների վարորդների նկատմամբ: Բայց, մասնագետների պնդմամբ, տուգանքները նախ պետք է կանխարգելիչ նշանակություն ունենան: Չէ՞ որ մարդկանց մոտ կառաջանան սպասումներ, որ նման համաներումներ կլինեն, ու արդեն օրենքի պահանջը կդառնա երկրորդական. պարզապես չեն կատարի:
Ի դեպ, գործադիր մարմնի ղեկավարը հույս էր հայտնել, որ այս հարկային արտոնություններից հետո տաքսու վարորդները պետք է հետեւողականորեն աշխատեն սպասարկման մակարդակը բարձրացնելու համար: Բայց, արի ու տես, մենք` ՀՀ քաղաքացիներս, շատ դեպքերում տաքսի կանգնեցնելուց վայրկյաններ անց ափսոսում ենք դրա համար. ստիպված ենք լինում փնթի, «ռաբիս քոքած քյառթու», մուննաթով, շատախոս ու դժգոհող վարորդին վստահել մեր կյանքը: Հուսանք` վարչապետը հետեւողական կլինի իր տված հանձնարարականին, իսկ, ահա, տաքսիների ոլորտի անմիջական վերահսկողը` սուպերնախարար Սուրեն Պապիկյանը, ի վերջո կհանձնարարի զբաղվել վարչապետի հայտարարություններին իրավական ձեւակերպումներ տալու կարեւորագույն գործով:

 

 

 

 

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ` 6 ԱՄՍՈՎ

Հայաստանում դժվար կացության մեջ հայտնված անձանց վարկային բեռը առաջիկայում կթեթեւանա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել, ըստ որի` «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կիրականացվեն, եւ «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնված վարկառուներին կտրվի հիփոթեքային արձակուրդ վերցնելու մեկանգամյա հնարավորություն:

Այսինքն` վարկառուն կարող է դիմել եւ մինչեւ 6 ամիս ժամկետով ստանալ հիփոթեքային արձակուրդ: Ի դեպ, արտոնյալ ժամկետի ավարտից հետո վճարումները կշարունակվեն կրեդիտավորման պայմանագրով սահմանված նախնական պայմաններով, իսկ հիփոթեքի պայմանագրի ժամկետը, կողմերի միջեւ կնքված համաձայնագրով, կերկարացվի արձակուրդի տեւողության չափով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հիփոթեքային արձակուրդից» օգտվելու դեպքում վարկի դասակարգումը չի փոխվի, տույժեր եւ տուգանքներ չեն գանձվի:
Ըստ Ֆինանսների նախարարության` կյանքի տարբեր իրավիճակներում հայտնված վարկառուների պարտավորությունների կատարման հետաձգման մեխանիզմներ կիրառվում են զարգացած բանկային համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում: Օրինակ` Մեծ Բրիտանիայում բոլոր բանկերի կողմից քաղաքացիների առանձին խմբերի համար նախատեսվում է հիփոթեքային արձակուրդ` մինչե 12 ամիս տեւողությամբ: Գերմանիայում գործում են վճարումների հետաձգման հատուկ ծրագրեր` նախատեսված ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունեցող անձանց համար: Իռլանդիայում դժվարին իրավիճակում (շտապ վերանորոգում, ուսումնառություն, հղիություն, ծննդաբերություն եւ այլն) հայտնված վարկառուներին հիփոթեքային արձակուրդներ տրամադրվում են բոլոր բանկերի կողմից: Հիմնական գումարի մարումները կարող են հետաձգվել մինչեւ 6 ամիս ժամկետով, իսկ տոկոսագումարները` մինչեւ 12 ամիս ժամկետով:
Ֆրանսիայում աշխատանքը կորցրած եւ այլ դժվարություններ ունեցող վարկառուների համար նախատեսված է վճարումների հետաձգման հնարավորություն ցանկացած տեսակի, այդ թվում` հիփոթեքային վարկի դեպքում: Այդ արտոնյալ ժամանակահատվածը կարող է լինել առավելագույնը 24 ամիս: 2019 թվականից հիփոթեքային արձակուրդի տրամադրման վերաբերյալ օրենսդրական փաթեթ է ընդունվել նաեւ Ռուսաստանում: Արդյունքում օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում վարկառուները հնարավորություն ունեն ստանալու մինչեւ 6 ամիս ժամկետով արտոնյալ ժամանակահատված:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

ՎԱՐԴԱՎԱՌԸ` ՊԱՐՏՔՈՎ
Հուլիսի 28-ին Տավուշի մարզում, ինչպես ողջ Հայաստանում, Վարդավառ էր տոնվում: Տավուշի մարզի պայմանագրային զինծառայողները, որոնք սահմանագոտու պաշտպանությունն են իրականացնում, հույս ունեին, որ իրենց աշխատավարձը կստանան մինչեւ Վարդավառ: Սովորաբար նրանց աշխատավարձերը վճարում են տվյալ ամսվա 27-ին կամ 28-ին: 2019 հուլիսի 27-ը շաբաթ էր, 28-ը` կիրակի: Պայմանագրային զինծառայողների բանկային քարտերին հուլիսի աշխատավարձերի գումարները հայտնվել են հուլիսի 29-ի կեսօրից հետո միայն: Պայմանագրային զինծառայողների մեծ մասը սոցիալական վատ վիճակում է ապրում: Նրանցից շատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեցին, որ հարկ էր իրենց աշխատավարձը փոխանցել հուլիսի 26-ին, որպեսզի կարողանային Վարդավառի տոնակատարության համար գնումներ անել, ոչ թե Վարդավառը պարտքով նշել: Նրանք ասացին նաեւ, որ իրենց փոխանցվել է միայն հուլիս ամսվա բարձրացված աշխատավարձը, մինչդեռ հույս ունեին, որ հունիս ամսվա աշխատավարձն էլ կբարձրանար, այդ բարձրացված չափի գումարն էլ կստանային հուլիսի աշխատավարձի հետ, սակայն դա տեղի չունեցավ: Ու ստացվում է, որ հունիսի աշխատավարձը չի բարձրացել: Օրեր առաջ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ, հավանաբար, հունիսի աշխատավարձի բարձրացված չափը կտրվի հուլիս ամսվա աշխատավարձի հետ, որը, փաստորեն, տեղի չի ունեցել:

 

 

 

Ի՞ՆՉ ԵՂԱՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ
Հուլիսի 17-ին, երբ Իջեւանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական ավտոճանապարհը, ցուցարարների մոտ էր եկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա փայտի օգտագործման պայմաններից բացի անդրադարձավ աշխատատեղերի հարցին, հայտարարեց. «Վաղը առավոտյան մեր կայքում հայտարարություն կբացվի, վաղվա համար առնվազն 50 աշխատատեղ` 8 հազարից 15 հազար դրամ օրական. ի՞նչ աշխատանք ա, ի՞նչ ա իրենից ներկայացնում: Յուրաքանչյուրդ կարող եք գալ մարզպետարան եւ այդ աշխատանքի առաջարկը ստանալ ու գնալ աշխատել»: Այդ օրվանից մինչ օրս Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով առնվազն 50 աշխատատեղի մասին մարզպետի նշած տեղեկատվությունը չհայտնվեց: Հուլիսի 19-ին այդ կայքում տեղադրվել է հայտարարություն այն մասին, որ մարզպետարանը պետական կառույցների եւ մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ հաշվառել է 320 թափուր աշխատատեղ. դիմումը ստանալու պահից` 48 ժամվա ընթացքում, Տավուշի մարզպետարանի մասնագետները հետադարձ զանգով կապ են հաստատում քաղաքացու հետ եւ առաջարկում կոնկրետ աշխատանք: Հայտարարության մեջ նշված է` «Աշխատատեղերի մասին խոսակցությունը միֆ չէ»: Մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հուլիսի 25-ի ժ. 18.00 դրությամբ աշխատանք ունենալու ակնկալիքով Տավուշի մարզպետարան է դիմել 170 քաղաքացի, 138 քաղաքացու դիմում փոխանցվել է Զբաղվածության տարածքային կենտրոն, 6 քաղաքացի հրաժարվել է իրեն առաջարկած աշխատանքից, 36 քաղաքացի աշխատանքի ընդունվել է, 89 քաղաքացու եւ գործատուի հետ հանդիպումը քննարկման փուլում է: Իսկ թե ինչ աշխատանքներ են դրանք, արդյոք մարզպետի ասած բարձր աշխատավարձով, այդպես էլ չիմացվեց:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս