Ո՞ր երգչուհին է փրկել Արմինե Գրիգորյանին խեղդվելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Արմինե Գրիգորյանն է:

Նա հիշել է երկու դեպք, երկուսն էլ՝ հեռավոր 90-ականներից: Դրանցից մեկը կատարվել է Սոչիում, ծովափին. «Համերգից հետո դինամիկները դրել էինք ծովափին ու լողում էինք, ուրախ ժամանակ էինք անցկացնում: Ես լողալ չգիտեի, եւ փորձում էի հեռուն չգնալ: Մեկ էլ նկատեցի, որ ալիքները պարզապես տանում են ինձ, սկսեցի գոռալ. «Վա՜յ, վա՜յ, տարավ, օգնեցե՜ք», բայց քանի որ երաժշտությունը բավական բարձր էր, ոչ ոք ինձ չէր լսում: Եվ այդ պահին, չեք հավատա, բայց երգչուհի Սրբուհի Քեքեջյանը մի ձեռքով լողալով եկավ ու փրկեց ինձ: Նա վիրահատել էր մյուս ձեռքի մատը եւ այդ ձեռքը անգործունակ էր: Իմ շրջապատում գիտեն այս պատմությունը: Երեւի թե այդ վախը հաղթահարելու համար էլ այս տարի վերջապես սովորեցի լողալ»:

Մյուս ուշագրավ դեպքը կրկին գրանցվել է համերգային շրջագայության ժամանակ, այս անգամ՝ Հայաստանում: Մարզերով շրջագայելիս երգիչների հետ սովորաբար լինում էին նաեւ բեմի բանվորներ. «9-10 հոգով իմ համերգից Ամասիայից վերադառնում էինք Երեւան: Մութ էր, սարսափելի ցուրտ, մառախուղ, անգամ գայլերի ձայն էինք լսում: Մի պահ կանգ առանք ճանապարհին, հետո կրկին նստեցինք մեքենա ու երբ հասել էինք արդեն Աշտարակի մոտ, մեզնից մեկն ասաց. «Երեխեք, բայց ոնց որ Երվանդը չկա»: Ամեն մեկս նայեց իր կողքն, ու, իրոք, բեմի բանվորներից մեկը չկար: Դու մի ասա՝ մոռացել էինք ճանապարհին, այդ մթին ու ցրտին, պատկերացնու՞մ եք: Արագ հետ դարձանք, այդպես մի քանի կիլոմետր գնացինք, մեկ էլ մթության մեջ նկատեցինք Երվանդի սիլուետը, խեղճ տղայի մազերից ու անգամ թարթիչներից սառցաբեկորներ էին կախված: Փառք աստծո, նա չհիվանդացավ, չվնասվեց, ու մենք ամեն անգամ ծիծաղով ենք հիշում այս պատմությունը»,- եզրափակեց երգչուհին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս