Թուրք-ադրբեջանական տանդեմը դարձյալ հոխորտում է: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի՝ Բաքվում օրերս արած հայտարարություններից հետեւում է, որ չի կարելի բացառել Անկարայի սադրանքները Հայաստանի նկատմամբ: Թուրք նախարարը, անդրադառնալով հայերին ու Հայաստանին, ըստ ադրբեջանական լրատավամիջոցների, ձեւակերպել է, թե Թուրքիան բռնել է Քրդական աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) հարող հայ «ահաբեկիչների»:
Չավուշօղլուի միտքը Բաքվի հողում ավելի հեռուն էլ է գնացել. հայտարարել է, թե ավելի վաղ հայ «ահաբեկիչները» սպանել են թուրք դիվանագետներին, հետեւաբար «որտեղ կա ահաբեկչություն, իրենք այնտեղ հայեր են տեսնում»: Անդրադառնալով Ղարաբաղի հակամարտությանը` թուրքական արտաքին քաղաքականության գլխավոր պատասախանատուն փոքր եղբորը դարձյալ վստահեցրել է, որ իրենք կանեն հնարավորը՝ «ադրբեջանական հողերն ազատագրելու» համար: «Ադրբեջանի վիշտը մեր վիշտն է, Ադրբեջանի ուրախությունը՝ մեր ուրախությունը, Թուրքիան միշտ աջակցել է եղբայրական Ադրբեջանին »,-ասել է Չավուշօղլուն` ընդգծելով, թե նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ միշտ է քննարկում Ղարաբաղի հարցը:
«Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն արդյունք չէր տալիս, Թուրքիայի նախագահը նշում էր, որ Ռուսաստանը միջնորդի կարգավիճակով կարող է լուծում տալ հարցին» – ասել է Չավուշօղլուն` ըստ էության արձանագրելով, որ պաշտոնական Անկարան շարունակելու է ավելացնել ջանքերը Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում։
Նկատենք, սակայն, որ Անկարան դեռեւս 90-ականներից` արդեն 30 տարի է`այս թեզերն է հնչեցնում: Թուրքական դիվանագիտությունը 3 տասնամյակ հոխորտում է Ղարաբաղը վերցնելու մասին՝ հրաշալի հասկանալով ու թերեւս իրեն հաշիվ տալով, որ այդ հարցի կարգավորման մանդատը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինն է, եւ որեւէ այլ երկրի միջամտությունը պարզապես ոտնձգություն կդիտարկվի: Իսկ այս հարցում անընդմեջ կարեւորելով Պուտինի դերակատարությունը, զանազան հիշատակումներ անելով` պարզապես արենա են բերում այն փաստը, որ ռուսական կողմի հետ յուրաքանչյուր հանդիպմանը առիթը բաց չեն թողնում նախագահ Պուտինին հիշեցնելու Ղարաբաղի իրենց «բաց վերքը»:
Հիշեցնենք, որ դեռեւս այս տարեսկզբին էր Չավուշօղլուն հայտարարել, թե առանց Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհնար է կայունություն ապահովել Կովկասում եւ կարգավորել Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները։ Նա ընդգծել էր, որ Թուրքիան 2019թ.-ին այդ հարցերում ավելի հետեւողական կլինի։