Բաքուն առիթ է փնտրում փնթփնթալու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձեւի ընդունումից հետո: Պաշտոնական Բաքուն բողոք է հղել Վաշինգթոնին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների, մասնավորապես` արտգործնախարար Մասիս Մայիլյանի՝ Նահանգներ կատարած այցի կապակցությամբ:
«Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանը Պետքարտուղարությանն է փոխանցել Բաքվի բողոքը, նամակներ են ուղարկվել նաեւ Ներկայացուցիչների տան խոսնակին, իշխող վարչակազմին ու հանձնաժողովների նախագահներին»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան` ավելացնելով, թե պատրաստվում են այս հարցով բողոքի նոտա ուղարկել նաեւ Պետքարտուղարություն:
Իսկ Արցախի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը Միացյալ Նահանգներ էր մեկնել այս շաբաթվա սկզբին, կոնգրեսականների եւ Ղարաբաղի հակամարտությանը հետեւող փորձագետների հետ հանդիպումներից բացի նաեւ ներկա է եղել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկմանն ու ընդունմանը:
Եւ որքան էլ հիմա ադրբեջանական շչակը սուլի, գնացքը գնացել է. Արցախի Հանրապետության արտգործնախարարը նույնիսկ ելույթ է ունեցելԿոնգրեսում Արցախի անկախությանը նվիրված միջոցառման ժամանակ, երախտիքի խոսք ասել կոնգրեսականներին ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունելու համար:
Բանաձեւը մինչեւ նախագահ Թրամփի սեղանին հասնելը պետք է հաստատվի նաեւ Կոնգրեսի վերին պալատ Սենատում, ինչը ավելի բարդ պրոցես է: Հայտնի է, որ այստեղ կա, այսպես կոչված, «վետոյի» կիրառումը (Senate Hold): Այսինքն` 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է այն կիրառել եւ արգելափակել ցանկացած բանաձեւ` նույնիսկ կանխելով մուտքը լիագումար նիստի օրակարգ:
Հիշեցնենք` հայկական կողմը սենատոր Ռոբերտ Մենենդեզի նախաձեռնությամբ այդ հնարավորությունը 2 անգամ գործի է դրել՝ Հայաստանում եւ Ադրբեջանում դեսպանի թեկնածուներ Մեթյու Բրայզայի եւ Ռիչ Հոգլանդի դեմ: Ինչեւէ, թեկուզ դեռեւս ամերիկյան Կոնգրեսի մի հատվածում, բայց հայերի ցեղասպանության փաստը բանաձեւով հաստատելը, անշուշտ,նոր իրավիճակ է ստեղծում հայկական հարցի միջազգային շրջանառության առումով: Իսրայելում արդեն կոչ են անում հետեւել ԱՄՆ-ում քվեարկության օրինակին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«The Times of Israel»-ը գրում է.«Թուրքիային չպետք է թույլ տալ ահաբեկել աշխարհը՝ կորզելով ցեղասպանության ժխտում»,- նշել է «Կապույտ եւ սպիտակ» կուսակցական դաշինքի առաջնորդներից Յաիր Լապիդը, որը բազմիցս է խոսել Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: