Կռվախնձոր Մերձավոր Արեւելքը՝ ռուս-թուրքական ուժերը չափելու հերթական «ռինգ». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակը կայունացավ ռուս-թուրքական բանակցություններից հետո: Ռուսական ու արեւմտյան ԶԼՄ-ները սա համարեցին հենց նախագահ Պուտինի հաղթանակը: Հանրահայտ է, որ ռուս-թուրքական մրցակցությունը նոր չի ծնվել: Երկու երբեմնի կայսրությունները տարածաշրջանային ազդեցության հզորացման նպատակով ուժերը չափել են ոչ միայն Կովկասում, այլ նաեւ Սեւծովյան տարածաշրջանում ու Բալկաններում: Ահա այժմ այդ մրցակցությունը սրվել է Մերձավոր Արեւելքում, եւ ուժերը չափելու հերթական «ռինգը» դարձել է Սիրիան: Թեպետ Ռուսաստանը թուրքական կողմի հետ համագործակցային տրամադրություն է ցույց տալիս, բայց նրանց խորքային հակասություններն, անշուշտ, ջրի երեսին են: Վառ ապացույց է, օրինակ, 2015թ.-ին թուրք-սիրիական սահմանի վրա ռուսական ինքնաթիռի խոցումը։

Պատմությունը ցույց է տվել, որ ռուս-թուրքական որեւէ «սիրավեպից» հայկական կողմը չի շահել: Իսկ այսօր քննարկման օրակարգում է S-400 համակարգերի ռուս-թուրքական նոր գործարքը: Ռուսաստանի պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեեւը օրերս էր «Ինտերֆաքս»-ին ասել, որ քննարկվում է ավելի շատ S-400 համակարգեր Թուրքիային վաճառելու հարցը: Մոսկվան ու Անկարան ճշտում են «ֆինանսավորման եւ մատակարարման ժամանակացույցը»: Միխեեւը ասել է, որ Թուրքիայի կողմից գնված S-400 ՀՕՊ համակարգերը 72 թռիչքով ուղարկվել են Թուրքիա, եւ«կրթական ծրագիրն ավարտվելուց հետո Թուրքիան սկսելու է օգտագործել համակարգերը»: Ըստ թուրքական լրատվամիջոցների` Անկարայի՝ Մոսկվայից ավելի շատ S-400 ՀՕՊ համակարգեր գնելուն ԱՄՆ-ն դեմ է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից հեռացնելուց հետո հայտարարեց, որ եթե Ռուսաստանից S-400 գնեն, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի: Իսկ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն էլ նախօրեին Սիրիայի պետական հեռուստատեսությունումխոսել է Մերձավոր Արեւելքում ամերիկյան հավակնության մասին` ընդգծելով, թե Դոնալդ Թրամփը թշնամու համար լավագույն նախագահն է, որովհետեւանթաքույց խոսում է մերձավորարեւելյան նավթը գրավելու ցանկության մասին:

«Թրամփը բացահայտ ասում է, որ ուզում է նավթը, ուզում է, որ այս մարդը փոխվի, այն մարդը նշանակվի, սա է Ամերիկայի իրական քաղաքականությունը, թափանցիկ թշնամուց լավ բա՞ն»,- ասել է Ասադը:

Նա նաեւ հայտարարել էր, որ ցանկանում է քաղաքական ելք գտնել այսօր ստեղծված իրավիճակից, բայց միաժամանակ Անկարային նախազգուշացրել է, որ եթե Սիրիայի տարածքային ամբողջականությունը քաղաքական եղանակով չվերականգնվի, «կմնա միայն լայնածավալ պատերազմի տարբերակը»:




Լրահոս