Աղմուկ՝ մի պերֆորմանսի շուրջ. հայտնիների արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում ներկայացվեց գերմանացի արվեստագետ Լինդա Նադջիի բեմադրած «Հուզանք ու զանգ» պիեսը։ Ներկայացումը վերցված է 1920-ական թվականների ֆուտուրիստ արվեստագետներից մեկի՝ Գեւորգ Աբովի «Հուզանք ու Զանգը» գրքից: Ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը սինթեզող կատարողական արվեստի նախագիծը մեծ աղմուկ բարձրացրեց:

Ներկայացման մասնակիցների ու քաղաքացիների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ: Նարեկ Սարգսյան անունով ներկայացած երիտասարդը փորձեց անգամ «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա՝ նշելով, որ նրանք սատանիստներ են: Քննարկումներն ավելի թեժացան այն բանից հետո, երբ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնեցին, որ «Հուզանք ու Զանգ» նախագծին 2,7 միլիոն դրամ է հատկացվել: Հայ հանրության շրջանում արդեն ստորագրահավաք է սկսվել, որով պահանջում են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: «Ժողովուրդ» օրաթերթն ամփոփել է անվանի մարդկանց տեսակետները թեմայի շուրջ:

Երգահան Անիտա Հախվերդյան

Բալե՛ք, ձեր արածը ֆուտուրիզմ չէ: Կարմիր սապոգը ու անհոդաբաշխ գոռոցը ոչինչ են, եթե մանիֆեստդ ժամանակավրեպ, թառամած է, իսկ կատարումը մանկամիտ: Ֆեմինիզմը մի դար առաջ էր թույն բոց թեմա, հիմա անատամ չորացած մեռել՝ պարբերաբար դագաղից հանվող: Ձեր արածի նորը՝ ֆուտուրիստականը ո՞րն ա: Բալե՛ք, Խլեբնիկովը ծայրից-ծայր անգիր գիտեր Պուշկինին, Դիլան Թոմասն էլ՝ Շեքսպիրին, ու միայն հինը իմանալով է հնարավոր նոր, ֆուտուրիստական ու շողշողուն բան ստեղծել:

Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյան

Ամենանախարար Արայիկ Հարությունյանին

Պետք է ցենզուրա չլինի՞: Մենք ունեինք արժեքներ, բայց շատ արագ սկսում ենք կորցնել…Է՞ս է ձեր ժամանակակից արվեստը, պարո՛ն նախարար… Ես լռել եմ, քանի դեռ կեղտից հեռու մնալը համարել եմ ինձ համար ավելի արժանապատիվ… Բայց հիմա արդեն Դուք Ձեր պաշտոնում վտանգավոր եք մեր ազգի համար: Հուսամ` նախարարի պաշտոնից չվախեցող արվեստագետների թիվը կավելանա, եւ մի օր ես կտեսնեմ Ձեր հրաժարականը:

Հրապարակախոս Վահան Իշխանյան

էս հարձակումը, կարծում եմ, նախորդ իշխանության ժամանակ կարող էր չլինել։ Նոր իշխանության հակառակորդների ստվար մասը գաղափարազուրկ է ու զոռով «գաղափար» է մոգոնում իշխանության դեմ, եւ հարվածի տակ են ընկնում արվեստագետները։ Լավ էր, որ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց՝ արվեստում ցենզուրա չի ընդունում, բայց նա պետք է հռետորություն անի, ավելի հստակ բացատրի այդ գաղափարը։

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյան

Վերջին «արվեստի» առիթով հրապարակի չճայթող պուպուլակների վրա. նույնիսկ վարչապետը անդրադարձավ 26 գործող-չգործող թատրոններին. նստել են բազմոցներին, սպասում են հանդիսատեսին: Է, թող դուրս գան փողոց, վճարվում են չէ՞, հանդիսատես գրավեն՝ էստի համեցեք, անունը պերֆորմանս կդնեն, ակցիա, թե չգրված օպերա` չբավարարված թինեյջերների համար, կամ թեհնացած նորը` զելյոնկայով աղբահանված տարածքներում…Երբ թատրոնը բացակա է քաղաքում, ապա շոումենները, ծտերը, ռաբիսը, քաղաքական այր ու տիրումայրերը մեկ-մեկ ներկայանում են. դե գեղա էլի, լուսաոռենք սրանց:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյան

Բազմաթիվ բաներ կան, որոնք չեմ հասկանում: Օրինակ՝ հենց վերջին պերֆորմանսը չեմ հասկացել, ոչ միայն` թե ինչ էր դա, այլ նաեւ` թե ինչու: Բայց շատ բնական եմ համարում, որ դա հասկացել են շատ այլ մարդիկ, բազմազանությունը նաեւ դա է: Ուզում եմ ասել, որ ամեն չհասկացած բան սատանայապաշտություն անվանելը, մեղմ ասած, ճիշտ չէ, խավարամտության հոտ է գալիս: Եղել են նման ժամանակներ, ու հույս կար՝ վաղուց են անցել: Իսկ համարել, որ հասկացել ես ու հասկացել ես որպես սատանայապաշտություն, դա արդեն օբյեկտիվ խավարամտությունից բխող սուբյեկտիվ գոռոզամտություն է, կարծիքովս: Առավել եւս, որ սատանայապաշտության թեման ինքնին արհեստական է, առավել եւս՝ Հայաստանում: Համարյա նույնքան ակտուալ է, որքան Հայաստանի ֆորմալ իսլամացումը: Թե ինչու, այլ խոսակցություն է, բայց դե էդպես է:

Պատկերացրեք՝ վերջին հարյուրամյակում ձեւավորված փսեւդոհայկական ենթամշակույթներին անծանոթ մեկը դիտի Գեւորգ Պետրոսյանի երաժշտական պերֆորմանսը դաշնամուրի հետ, գուցե թվա՝ նամազ է կամ բայաթի, ու կարծի՝ Պետրոսյանն իր մշակույթով իսլամ է քարոզում: Բաց մենք հո գիտե՞նք, որ այդպես չէ: Դա ուղղակի արվեստի տեսքով ինքնարտահայտման ձեւ է, որին անծանոթ մարդը կարող է սխալ հետեւություններ անել:

Եթե մի բանից չեմ հասկանում, կարդում եմ: Նույնիսկ պատահում է՝ չհասկանալս չխոստովանելով թաքուն եմ կարդում (այնքան պրիմիտիվ բան է լինում չհասկացածս, որ ամաչում եմ): Այսօր երեկոյան կարդալու եմ ամեն ինչ հասկացող մարդկանց մասին, որ փորձեմ նրանց հասկանալ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս