Հայաստան հասնող ռուսական բացառիկ զենքը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառում Ռուսաստանից կործանիչների ձեռքբերման հնարավորությունը, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի F-35-ի մատակարարումից: Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Էրդողանն ասել է. «Երբ մենք գնում էինք C-400 զենիթահրթիռային համակարգերը, մենք ոչ ոքից թույլտվություն չԷինք հարցնում. եթե մենք համապատասխան որոշում ընդունենք, ապա կգնենք դրանք»:

Իսկ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ թուրքական կողմը ուսումնասիրում է ռուսական կործանիչների մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը:

«Այն անհրաժեշտ է գնահատել ֆինանսական, տեխնիկական եւ ռազմավարական տեսակետներից: Այժմ խոսքը չի վերաբերում առաջարկությանը պատասխան տալուն: Անհրաժեշտ Է կատարել ընդգրկուն վերլուծություն»,- ասել Է Դեմիրը թուրքական լրատվամիջոցներին, որոնք պնդում են, որ Անկարան եւ Մոսկվան մոտ են Սու-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը, եւ որ ռուս-թուրքական պայմանավորվածությամբ կողմերը նաեւ կարող են համաձայնության գալ, որ ռուսական ինքնաթիռների համար Թուրքիան առաջիկայում առանձին կառուցվածքային մասեր արտադրի: Իսկ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը հոկտեմբերի վերջին հայտարարել էր, թե Սու-35 եւ Սու-57 կործանիչների մատարակարման առնչությամբ թուրքական կողմի հետ խորհրդակցություններ են ընթանում:

Ռուս-թուրքական այս մերձեցման ֆոնին նկատենք, որ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նախօրեին Երեւանում հայ լրագրողներին ասել է, որ ՌԴ-ն ՀՀ-ին այնպիսի զինատեսակներ է վաճառում, որոնք երբեք որեւէ այլ երկրի չի վաճառել: Իսկ ՀԱՊԿ անդամ Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին Ռուսաստանի զենք վաճառելու մասին Կալաշնիկովն ասել է. «Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այլեւ իր դաշնակիցներին եւ գործընկերներին, այդ թվում` Հայաստանին վաճառում է ավելի շատ, այնպիսի զինատեսակներ, որոնք երբեք չի վաճառում այլ երկրների»:

Այս տարեսկզբին, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ «Կալաշնիկով» կոնցեռնը ԱԿ-12 50 նոր ինքնաձիգներ կմատակարարի Հայաստանին: Իսկ նախորդ տարվա օգոստոսին էլ Royalsys Engineering ltd ընկերության նախագահ Դավիթ Գալստյանն ու «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը պայմանագիր ստորագրեցին՝ Հայաստանում «Կալաշնիկովի» նոր «АК-12» եւ «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։




Լրահոս