Գերտերություններն ընդունում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Բաքուն էլ աջ ու ձախ բողոքներ է ուղարկում: Ադրբեջանի իշխանությունները արտաքին գործերի նախարարություն են հրավիրել Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովին եւ նրան բողոքի նոտա փոխանցել ԼՂ արտգործնախարար Մասիս Մայիլյանի եւ մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի` ՌԴ այցի առնչությամբ:
Այդ բողոքի նոտայում նախօրեին ձեւակերպել են. «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անօրինական միավորման այսպես կոչված ներկայացուցիչների այցը ՌԴ եւ նրանց հանդիպումները Ռուսաստանի մի շարք փորձագետների ու գիտական կենտրոնների աշխատակիցների հետ ծառայում են Հայաստանի կողմից 30 տարի իրականացվող փորձերին՝ ամրապնդելու ստատուս քվոն ու շարունակելու Ադրբեջանի հողերի օկուպացիան»:
Բաքուն բողոքել է , թե նման այցերը սադրիչ բնույթ են կրում եւ Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ են ուղղված: Ավելին՝ ադրբեջանցիները հիշեցրել են, որ Մոսկվայի հետ դեռեւս 97թ.-ին ստորագրած պայմանագիր ունեն՝ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության վերաբերյալ, եւ որ այդ այցերը ստվեր են գցում «Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ գոյություն ունեցող անկեղծության ոգու ու մեծ վստահության վրա եւ վնաս են հասցնում բանակցային գործընթացին»: Բաքուն նաեւ իր անհամաձայնությունն է հայտնել, որ նման այցերը ռուսական կողմը սովորաբար գնահատում է որպես մասնավոր այցեր: Բաքվի անհանգստությունն անթաքույց է: Ապշերոնը հենց Երեւանից օրերս կոշտ ուղերձներ ստացավ ռուսական ուղղությունից: Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայ լրագրողներին ասաց, թե Հայաստանն իր սահմաններում տեղի ունեցածի հարցով չի դիմել ՀԱՊԿ-ին, այլապես ՀԱՊԿ գործառույթը կկիրառվեր:
Իսկ դրանից առաջ էլ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեւանյան այցի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի կրակային հզորությունը կկրկնապատկվի: Ռուսական կողմի այս հայտարարությունները Բաքուն, անշուշտ, աննկատ չէր թողնի, մանավանդ որ դրանք արվեցին Բաքվի թյուրքալեզու պետությունների վեհաժողովում Անկարա-Բաքու տանդեմի պանթուրքիստական նկրտումների վերահաստատման ֆոնին եւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձեւի ընդունումից հետո:
Բաքուն մի բողոք էլ Վաշինգթոնին հղեց ԼՂ արտգործնախարար Մասիս Մայիլյանի՝ Նահանգներ կատարած այցի կապակցությամբ: Իսկ Արցախի պատվիրակությունը, հիշեցնենք, ԱՄՆ-ում ներկա էր 296 բանաձեւի ընդունմանը: