Թուրքիայի նախագահը կոշտ հայտարարություններ է արել Միացյալ Նահանգների հասցեին` պնդելով, թե Վաշինգտոնը չի կատարում Սիրիայի հյուսիսից քրդական ջոկատները հեռացնելու իր խոստումը: Էրդողանը, միայն այսօր հիշելով հոկտեմբերի 18-ին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ բանակցություններից հետո ձեռք բերված 5-օրյա զինադադարի մասին պայմանավորվածությունը, հայտարարել է. «Հավաստիացումները, թե նրանք դուրս կբերվեն 120 ժամվա ընթացքում, մինչ օրս մնում են օդում»:
Էրդողանն ասել է նաեւ, որ մտադիր է այս հարցը բարձրացնել Միացյալ Նահանգների նախագահի հետ եկող շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ: Նկատենք նաեւ, որ երբ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայում կայծակի արագությամբ տարածվեցին լուրերը, թե հնարավոր է` Էրդողանը չեղարկի այցը Վաշինգտոն:
Բայց ինչպես Թուրքիայի նախագահականն է նախօրեին տեղեկացրել, Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցի պայմանավորվածությամբ նրանք Սպիտակ տանը կհանդիպեն նոյեմբերի 13-ին: Բայց մինչեւ Վաշինգթոն մեկնելը Էրդողանը զուտ թուրքական ձեռագրով շարունակում է սպառնալիքների շարանը` հայտարարելով` կբացի փախստականների համար դռները դեպի Եվրոպա, եթե Եվրամիությունը բավարար չափով չաջակցի իրենց:
Նախօրեին պաշտոնական այցով Բուդապեշտում գտնվող Էրդողանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսում է անդրադարձել միգրացիոն ճգնաժամին` դժգոհելով, թե Թուրքիան այլեւս ի վիճակի չէ միայնակ կրել փախստականների բեռը: Եւ այստեղ ուղիղ կապ տալով Սիրիայի խնդրին` Էրդողանն ասել է` Թուրքիան նպատակ ունի «անվտանգության գոտի» ստեղծել Սիրիայի հյուսիս-արեւելքում, որտեղ կարող են բնակություն հաստատել մինչեւ 2 միլիոն սիրիացի փախստականներ, երբ այդ տարածաշրջանը կմաքրվի քուրդ գրոհայիններից:
Իսկ Թրամփի հետ հանդիպմանը անդրադառնալով` թուրք ղեկավարն ասել է` քննարկելու են տարածաշրջանային խնդիրներ, խոսելու են նաեւ S-400 եւ Patriot հրթիռային համակարգերի ու F-35 կործանիչների մատակարարման մասին: Թուրքիայի ղեկավարը որքան էլ ցայտնոտի մեջ, Միացյալ Նահանգների հետ ցուցամատը թափահարելով է խոսում:
Նախօրեին պարզ դարձավ, որ ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը Սենատում հայտարարել է. «Սենատը պետք է տեղի չտա թուրքական ճնշումներին ու անհապաղ ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Նա քննադատել է Թուրքիայի հարձակումները Սիրիայի քրդերի վրա եւ, ընդհանրապես, տարածաշրջանային անթույլատրելի վարքագիծը: