Սիրիայում լարվածությունը չի պարպվում: Սիրիայում ահաբեկիչները սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին: Հալեպի «Գանձասար» պարբերականի փոխանցմամբ` Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղեւորվելու ճանապարհին, նրանք ցանկացել են պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը, բայց չեն հասցրել, ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ, հրաձգության հետեւանքով հովվապետի հայրը տեղում զոհվել է, քիչ անց զոհվել է նաեւ հովվապետը, վիրավորվել է մեքենայում գտնվող Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն: Սիրիական հարցի հանգուցալուծումը դեռ չկա, ու այդ լուծման եզրագիծն այդպես էլ չի ուրվագծվում:
Մինչեւ վաղը` նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում դարձյալ հիմնականում քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` նախագահներն ընդգծել են Սիրիայի հյուսիսում կայունություն հաստատելու շուրջ համաձայնեցված քայլեր ձեռնարկելու կարեւորությունը:
Հիշենք, որ Պուտինի հետ հեռախոսազրույցից 3 օր առաջ Էրդողանը ԱՄՆ-ի հասցեին կոշտ հայտարարություն արեց` շեշտելով, թե Վաշինգթոնը չի կատարում Սիրիայի հյուսիսից քրդական ջոկատները հեռացնելու իր խոստումը:
Թուրքիան, ի դեպ, սկսել է Արեւմուտք արտաքսել «Իսլամական պետության» օտարերկրացի զինյալներին: Այդ երկրի ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, թե նախօրեին Միացյալ Նահանգներ է արտաքսվել «Իսլամական պետության» գերեվարված զինյալներից մեկը, որն ամերիկյան քաղաքացիություն ունի: Իսկ «Իսլամական պետության» ջոկատներում ընդգրկված Գերմանիայի 7 քաղաքացի նոյեմբերի 14-ին կարտաքսվեն Գերմանիա, առաջիկայում կարտաքսվեն նաեւ Ֆրանսիայի 11, նաեւ Իռլանդիայի եւ Դանիայի մի շարք քաղաքացիներ:
Նկատենք, որ թեպետ շարունակվում են հրադադարի մասին խոստումները, սիրիական աղբյուրները փոխանցում են, որ թուրքական բանակի եւ քուրդ զինյալների միջեւ դարձյալ կատաղի մարտեր են. թուրքական բանակը ռմբակոծել է Սիրիայի հյուսիսային տարածքները: Այս մասին նաեւ Սիրիայի պետական լրատվամիջոցներն են ահազանգում` տեղեկացնելով իրենց բանակի եւ թուրքական զինուժի միջեւ բախումների մասին:
Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հիշենք, ավելի վաղ պնդել էր՝ Թուրքիան դուրս չի գա Սիրիայից, քանի դեռ մյուս երկրները դուրս չեն բերել իրենց զորքերը։