Ադրբեջանում ներքին քաղաքական լարվածությունն ավելի է շիկանում: Ալիեւի աթոռը շարունակում է երերալ: Նախօրեին Բաքվում ձերբակալվել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին:
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է Հաջիլիի ավտոմեքենան, նրան դուրս են բերել մեքենայից ու տարել անհայտ ուղղությամբ: Գիտակցելով, թերեւս, որ իր «նավը կարող է սուզվել», որ ընդդիմադիրները կարող են դժգոհության ալիքով մոբիլիզացնել ուժերն ու իրեն գահից ուղղակի գցել` Բաքվի գլխավոր դիկտատորը գործի է դրել ադրբեջանական հայտնի ռեպրեսիայի մեթոդը. նախօրեին` լույսը բացվելուն պես, ոստիկանները զանգվածաբար բերման են ենթարկել ընդդիմադիր «Մուսավաթ»-ի կուսակցականներին, որոնք ծրագրել էին Բաքվի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա անցկացնել՝ հանրահավաքների ազատությունը պաշտպանելու եւ երաշխավորելու պահանջով:
Ձերբակալվածների թիվն անցնում է 100-ը: Տեւական ժամանակ է` Բաքվի գործերը խառն են: Ալիեւը նույնիսկ նախագահականն ազատեց հնաբնակներից, փադիշահը պալատ բերեց ավելի երիտասարդ կադրերի ձեռքը քաղաքական զարկերակի վրա պահելու մղումով, բայց, միեւնույնն է, դժգոհության ալիքը զսպել չի կարողանում: Անցած շաբաթվա վերջին իրավապահները ոստիկանություն էին հրավիրել «Մուսավաթ»-ի ղեկավարներին ու հորդորել հրաժարվել այսօրվա ակցիայից:
«Թուրան»-ը տեղեկացնում է, որ դատախազությունը նույնիսկ զգուշացրել է՝ հակառակ դեպքում կդիմեն վարչական միջոցների եւ կձերբակալեն մասնակիցներին: Ընդդիմությունը, սակայն, չի ընկրկել: Որքան Ալիեւը փորձում է թեկուզ վախի մթնոլորտով ցրել դգոհության կուտակումները, այնքան Բաքվի բողոքավորներն ավելի են կոնսոլիդացնում ուժերը:
«Մուսավաթ»-ի առաջնորդը կլոր սեղան է կազմակերպել Ադրբեջանի առաջատար ընդդիմադիրների համար՝ կոչ անելով միավորված, մեկ ճակատով պայքարել Ալիեւի վարչակազմի դեմ: Մի քանի ժամ քննարկումներից հետո մասնակիցները համաձայնության են եկել: Բաքվի բռնապետության կոշտ քննադատ Ալի Ինսանովը, որը 14 տարվա կալանքից հետո մի քանի ամիս առաջ է ազատվել բանտից, հայտարարել է. «Պետք է պահանջենք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, իսկ եթե դրանք չլինեն, պետք է հասնենք նախագահ Ալիեւի հրաժարականին»:
Ընդդիմադիրներից բացի Բաքվի բռնաճնշումների մեքենան, ի դեպ, չի խնայում նաեւ լրագրողներին: Հոկտեմբերի 19-ին կայացած ընդդիմության վերջին հանրահավաքից հետո տասնյակ լրագրողներ հրավիրվել են ոստիկանություն՝ պարզաբանելու, թե ինչ նպատակով են ներկա եղել ընդդիմության ակցիային: