Սիրիական թնջուկը դանդաղ գործող ռումբի պես ամեն րոպե դարձյալ պայթել է սպառնում: Ու մինչ երեկ այս հարցը Սպիտակ տանը ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահներ Թրամփ-Էրդողան հանդիպմանը քննարկման էր դրվել, Հռոմի պապը նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկիչների գնդակով հայ քահանայի ու նրա հոր սպանությունից հետո հայտարարություն արեց: Սրբազան Քահանայապետը թվիթերյան իր էջում գրեց. «Ես մոտ եմ Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայ կաթոլիկների հետ, ովքեր պատրաստվում են հողին հանձնել իրենց հովվապետին`Տեր Հովսեփ քահանա Պետոյանին: Ես աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների եւ Սիրիայի բոլոր քրիստոնյաների համար»:
Կատարվածն, ի դեպ, խստորեն դատապարտեց նաեւ ՀՀ արտգործնախարարությունը` հիշեցնելով, որ հոգեւորականների կյանքն ընդհատվել է այն պահին, երբ նրանք ծառայություն մատուցելիս են եղել պատերազմից հյուծված Դեր Զորի համայնքին: Իսկ Թրամփ-Էրդողան հանդիպման մասին լուրը թուրքական լրատվամիջոցների գլխագրերում էր, գրում էին, թե երկու նախագահների քննարկման սեղանին է Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում ստեղծված իրավիճակը, նաեւ ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման հարցը:
Անկարան, ի դեպ, Գյուլենին համարում է 2016թ.-ի հուլիսին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչը եւ ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել նրան:
Քննարկման օրակարգում էր նաեւ S-400 եւ Patriot հրթիռային համակարգերի, F-35 կործանիչների մատակարարման հարցը: Սպիտակ տանը, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, թուրք-ամերիկյան քննարկման ընթացքում անդրադարձել են նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը, նաեւ Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներին: Մինչ Էրդողանի ինքնաթիռը Թուրքիայի ճանապարհին օդում էր, 2 հազարից ավելի թուրք ուժայիններ գործողություններ են սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ երկրի հարավ-արեւելքում:
Գործողությունը, ըստ այդ երկրի Ներքին գործերի նախարարության, իրականացնում են Վանի, Հաքյարիի եւ Շըռնաքի նահանգներում եւ նպատակ ունեն կանխել ՔԱԿ-ի նախապատրաստումը ձմռան շրջանին, երբ կուսակցականները ամրություններ ու ենթակառուցվածքներ են ստեղծում Թուրքիայի տարածքում իրենց գործունեության ապահովման համար: Քրդստանի աշխատավորական կուսակցությունը 1984 թվականից զինված պայքար Է մղում Թուրքիայի` հիմնականում քրդերով բնակեցված հարավարեւելյան շրջանների անկախացման համար:
Եւ ուշագրավ է, որ, ըստ ՏԱՍՍ-ի, Թուքիայում ՔԱԿ-ն էլ ահաբեկչական անջատական կազմակերպություն են համարում: