ՖՈՏՈ. Նոր Հաճնում մահացած երեխաների հորեղբորը սպանել են. նոր մանրամասներ ողբերգական դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, որ Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի: Պարզվել էր, որ տան բնակիչները թունավորվել էին շմոլ գազից։

Նշենք, որ մահացած 4 երեխաների ծնողները, թողնելով իրենց երեխաներին տատիկի խնամքին, ապրում են Ուկրայինայում: Նրանք երկար տարիներ է, ինչ բաժանված են:

Դեպքի մասին Armlur.am-ին հաջողվել է նոր տեղեկություններ պարզել, մասնավորապես մեզ հայտնի է դարձել, որ երեխաների մայրը ազգությամբ ռուս է, ապրում է Օդեսայում, երեխաների հետ շփում չի ունեցել:

«Երեխաների հայրը՝ Արման Մարգարյանն Ուկրաինայում ապրում է կրկին ազգությամբ ռուս մի կնոջ հետ: Երեխաները հոր հետ մշտապես կապի մեջ են եղել: Հայրը սպասում էր, որ մայրը երաշխավորագիր տրամադրեր, որպեսզի Արման Մարգարյանը կարողանար երեխաներին երկրից դուրս հանել, բայց ավաղ չստացվեց…»,-պատմեց մեր աղբյուրը:

Ըստ մեր աղբյուրի` մահացած երեխաների հորեղբայրը, ում հովանու ներքո մեծացել են երեխաները, երկու տարի առաջ սպանվել է, գումարային հարցերի պատճառով:

Հիշեցնենք, որ մեր հրապարակումից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց խնդրին․ նա տեղեկացրել էր․

«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու տվյալ տարածաշրջանում մեր գլխավոր հյուպատոսարանն զբաղվում են խնդրի շտապ կարգավորման ուղղությամբ։ Լիահույս ենք՝ վաղն ուշ երեկոյան կամ առավելագույնը մյուս օրն արդեն կկարգավորվեն վերադարձի համար անհրաժեշտ փաստաթղթային խնդիրներն, ու Արման Մարգարյանը կկարողանա վերադառնալ՝ մասնակցելու վերջին հրաժեշտին։ Կրկին անգամ ցավակցում եմ այդ ընտանիքի բոլոր հարազատներին ու մեր Նոր Հաճնի հանրությանը՝ այս ողբերգության կապակցությամբ. խորը կսկիծ եմ ապրում։

Աստված պահապան բոլորիդ»

Լիդա Եղիազարյան




Լրահոս