Անհանգիստ տարածաշրջան. անսովոր քայլ՝ Ալիևի կողմից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լարված ու անհանգիստ իրավիճակը շարունակվում է ե՛ւ հարեվան Իրանում, ե՛ւ Վրաստանում: Իրանում կրքերը թեժացան ԱՄՆ տնտեսական պատժամիջոցներից հետո: Վաշինգթոնը նոր պատժամիջոցները հիմնավորեց միջազգային շուկայում իրանական նավթի անօրինական վաճառքի համար ստեղծված ցանցը կազմալուծելու ձգտումով: Թեհրանին այլընտրանք չմնաց, պետությունը սահմանափակեց բենզինի վաճառքը եւ էապես բարձրացրեց վառելիքի գինը:

Եւ ընդվզումը չուշացավ, բենզինի կտրուկ թանկացման դեմ բողոքի ցույցերը կտրուկ թափ հավաքեցին: Սպիտակ տունը դատապարտեց Իրանում ցուցարարների դեմ ուժի կիրառումը եւ ինտերնետի անջատումը, բայց պաշտոնական Թեհրանն էլ չլռեց. Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ ամերիկյան պատժամիջոցներից հետո է պետությունը սահմանափակում քաղաքացիների համար վառելիքի ձեռքբերման հնարավորությունը:Թեհրանը նախազգուշացրեց էլ,որ պատրաստ են խիստ պատասխան տալ բողոքի զանգվածային ցույցերին, որոնք կազմակերպվել են երկրի արդեն գրեթե 100 քաղաքներում։ Ձերբակալվեց մոտ հազար մարդ:

Ըստ պետական լրատվամիջոցների` այրվել են հարյուրից ավելի բանկեր եւ խանութներ: Սոցիալական ու ընտրական բարեփոխումների խնդիրներով փողոց են դուրս եկել նաեւ հարեւան Վրաստանում: Այստեղ էլ լարված իրավիճակ է: Ուժայինները նախօրեին նույնիսկ ջրցան մեքենաներ են կիրառել՝ ցրելու խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին, որոնք վրաններ եւ բարիկադներ են տեղադրել Ռուսթավելի փողոցում իշխող պատգամավորների մուտքը խորհրդարան արգելափակելու նպատակով։ Թբիլիսիում 4 տասնյակից ավելի ձերբակալվածներ կան, Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ այդ գործողությունների ընթացքում վիրավորվել է 6 մարդ, որոնցից 2-ը ոստիկան: Իսկ մեզ մերձակա Ադրբեջանում դժգոհության ալիքը արդեն տեւական ժամանակ է` չի մարում: Բռնապետական ռեժիմը դարձյալ բանտերը լցրել է ցուցարարներով, բայց, միեւնույնն է, բողոքավորները չեն լռում:

Ալիեւն, ի դեպ, գնացել է իր համար անսովոր քայլի՝ հենց ինքն է մոտեցել Բաքվում մետրոյի կայարաններից մեկում բողոքի ակցիայի համար հավաքված ցուցարարներին: Ամիսներ առաջ էլ նա տիկին Մեհրիբանի հետ մասնակցել էր Բաքվում կազմակերպված հանրային սելֆիին, ու հիմա էլ գնացել է ցուցարարներին լսելու` ըստ ամենայնի տեսնելով, թե ինչպես է այս օրերին վարչապետ Փաշինյանը զրուցում ԿԳՄՍ հրաժարականը պահանջող ուսանողների հետ:

Գիտի՞ աթոռն ատամներով պահած Իլհամ Ալիեւը, որ Հայաստանում անարյուն հեղափոխություն է եղել, անունը՝ Թավշյա, որի ընթացքում արյուն չի հեղվել՝ շնորհիվ հայկական քաղաքական բարիկադի երկու կողմերի հավասարակշիռ կեցվածքի:




Լրահոս