Այսօր Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ու Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան:
Քննարկման սեղանին, ըստ ՌԻԱ Նովոստիի, ռուս-ադրբեջանական համագործակցությունն է՝ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում: Առաջին անգամ չէ, ի դեպ, որ նախագահ Ալիեւն իր կնոջն ու համատեղությամբ փոխնախագահ կարգված տիկին Մեհրիբանին այսպիսի պատասխանատու քննարկումներ է վստահում:
Ու ամենեւին էլ միայն փոխնախագահությունը չէ, որ Մեհրիբան Ալիեւայի փխրուն ուսերին է: Նա նաեւ սկեսրայրի անվանումով՝ Հեյդար Ալիեւի հիմնադրամի նախագահն է, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության փոխնախագահը, ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների աշխատանքային խմբի ղեկավարը, UNESCO-ի բարի կամքի դեսպանը, Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը, եղել է նաեւ Ադրբեջանի խորհրդարանի երեք գումարումների պատգամավոր:
Դժվար է ասել` կա աշխարհում այսպիսի նախադեպ, որ երկրի նախագահն այս աստիճան ծանրաբեռնի փխրուն կնոջը, բայց փաստ է, որ Ադրբեջանի ընդդիմադիրները շարունակում են կոշտ քննադատել իշխող ընտանիքի դիրքերի ամրապնդման ագահությունը:
Հորից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիեւի ռեժիմի ընդդիմախոսները պնդում են, որ իշխանության ներսում նախագահ Ալիեւի ու առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի միջեւ ազդեցության լծակների վերաբաշխում է, որը միտված է Ալիեւներ – Փաշաեւներ կլանի ամրապնդմանն ու իշխանության դիրքերի ուժեղացմանը: 55-ամյա Մեհրիբան խանումը Ադրբեջանի ամենաազդեցիկ ու հարուստ Փաշաեւների ընտանիքից է:
Հայրը երկար տարիներ Ավիացիայի ազգային ակադեմիայի ռեկտորն է եղել, հորեղբայրը փոխարտգործնախարար, քույրը՝ Նարգիզ Փաշաեւան, Մոսկվայի պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտորն է:
Եւ հիմա, երբ Ադրբեջանը ներքաղաքական ցնցումների մեջ է, Ալիեւը ձեռքը քաղաքական զարկերակի վրա է պահում` մաքրելով նախագահական պալատը հնաբնակներից: Կադրային հեղափոխության թիկունքին դարձյալ Մեհրիբան խանումն է: Նա է պալատն ազատել նախիջեւանյան կլանից, որի դեմ համառ պայքարի էր ելել վերջին 5 տարիներին, եւ որն իր սկեսրայր Հեյդար Ալիեւի ժառանգությունն էր:
Այժմ իշխանական բուրգի ճարտարապետությունում տնտեսական առանցքային սյուները հենց որդի Ալիեւի աներոջ` Փաշաեւների կլանի կադրերն են: Այնպես որ, նախագահ Ալիեւն իր սրտի իշխանությունն է ձեւավորել: Իսկ Ալիեւներ-Փաշաեւներ կլանին ընդդիմանալու փորձերն իսկ հենց բնում կխեղդեն:
Հայտնի է՝ այստեղ ճարտարապետության բոլոր ուղղությունները գծվում են բռնության քանոնով: