Ահաբեկիչներ՝ Թուրքիայից Բաքվին. ի՞նչ խարդավանքի է դիմում Թուրքիան. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան շարունակում է իր երկրից Ադրբեջան արտաքսել ահաբեկիչների: Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, հղում անելով թուրքական «Հյուրիեթ» թերթին, տեղեկացնում է, որ Թուրքիան արդեն Ադրբեջան է արտաքսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 29 անդամների: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ի դեպ, ավելի վաղ հայտարարել էին, թե Սիրիայի ու Իրաքի տարածքում հարյուրավոր ադրբեջանցիներ են կռվել «Իսլամական պետության» ջոկատներում: Իսկ ադրբեջանցի զինյալների ընտանիքների մի մասն այժմ մնացել է Թուրքիայում, մի մասը՝ վերադարձել Ադրբեջան:

Անկարան նախապես էր հայտարարել, որ այլեւս Թուրքիայի մեկուսարաններում չի պահի «Իսլամական պետության» խմբավորումների ձերբակալված զինյալներին եւ նրանց արտաքսելու են Եվրոպա, Ռուսաստան, նաեւ Ադրբեջան ու այլ երկրներ: Ամենաուշագրավն այն է, որ ակաբեկիչ զինյալները Անկարայի բանտերից կհայտնվեն Ադրբեջանում: Ի՞նչ խարդավանքի է դիմում Թուրքիան, իսկապես թուրք-ադրբեջանական տանդեմը կնճռոտվե՞լ է, թե՞ այլ սցենար ունեն ավագ ու կրտսեր այս եղբայրները:

Զինյալներին իրենց երկրներն ուղարկելու թուրքական նախաձեռնությունը վստահաբար որպես քաղաքական մահակ է կիրառվում Եվրոպայի, Ռուսաստանի կամ այլ երկրի պարագայում: Բայց Ադրբեջանի դեպքում առնվազն արժանահավատ չէ թուրքական կեցվածքը, թե այդ երկրին էլ ներառելով` բոլոր երկրների հավասարության սկզբունքով են առաջնորդվել:

Ինչո՞ւ է իրականում Անկարան իր բանտերից Ադրբեջան արտաքսում «Իսլամական պետության» զինյալներին, որոնք Ադրբեջանից են ներթափանցել Սիրիա եւ կռվել ԻԼԻՊ-ի կազմում: Այս փաստը, անշուշտ, հայկական կողմի ուշադրությունից չի կարող վրիպել` նկատի առնելով այն հանգամանքը, որ սա հնարավոր է Անկարայից Բաքու ահաբեկչական թիմի մատակարարում է պարզապես: Դատելով ադրբեջանական ձեռագրից` ամենեւին էլ չի բացառվում, որ այս «հերոսների թիմը» Բաքվից առաջադրանքներ ստանա՝ ընդդեմ Հայաստանի:

Հայտնի է այդ երկրի՝ մարդասպաններին հերոսացնելու մղումը: Ի վերջո, նրանք հենց այդպես` կացնահարումից հետո Բաքվի պատկերացրած հերոս դարձած Սաֆարով ունեն, որը ոչնչով չի տարբերվում «Իսլամական պետության» զինյալներից:

Իհրակե, չի բացառվում նաեւ, որ Բաքուն ինչ-որ առումով Անկարայի սրտով չի պահել իրեն, կամ ուղղակի Թուրքիան է ցանկանում առանձնանալ Ադրբեջանից` աչքի առաջ ունենալով փաստը, որ միջազգային արենայում էլ նրանց նույնացնում են: Իսկ ադրբեջանականից չտարբերվող թուրքական ձեռագիրը պահեստում մեկ այլ քաղաքական մահակ էլ է պահում ու մերթընդմերթ հիշեցնում, թե կբացի դռները 3,5 մլն սիրիացի փախստականների համար:




Լրահոս