Կոռուպցիոներ «անդրկովկասի թագուհին». Ալիեւների կլանը սերտաճած է ռուսական քաղաքական-տնտեսական կլանների հետ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան վերջերս պաշտոնական այցով Մոսկվայում էր: Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ ռուս-ադրբեջանական համագործակցությունն են քննարկել: Հայտնի է՝ Ալիեւների կլանը սերտաճած է ռուսական քաղաքական-տնտեսական կլանների հետ:

Gazeta.ru-ն նույնիսկ ավետեց, թե «Անդրկովկասի թագուհին՝ Մեհրիբան Ալիեւան, ժամանել է Մոսկվա»: Եւ պարզվում է` նախագահ Պուտինը «Ժողովուրդների բարեկամության» շքանշան է փակցրել Ալիեւայի կրծքին: Տեղյակ չէ՞ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը, որ Ադրբեջանի փոխնախագահ ու «ժողովուրդների բարեկամ» «Անդրկովկասի թագուհին» քնած մարդուն կացնահարող Սաֆարովին առաջին հերոսացնողն է:

Շքանշանի փայլը ամենեւին էլ չի կուրացնում՝ երեւակելու, թե «բարեկամ» «թագուհին» ինչպես է ձեռք բերել նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի տիտղոսը:

Համաշխարհային լրատվամիջոցների հետաքննող լրագրողներին միավորող «Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծի» (OCCRP) «Ադրբեջանական լվացքատուն» հետաքննությունը փաստերն է դրել սեղանին,երբ սկանդալի կենտրոնում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովայի ամուսինը՝ Կալին Մատրիեւը։ Հետաքննությունը գաղտնազերծեց` Մատրիեւը 2 տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, Ադրբեջանից ստացել է 425 հազար եվրո: Եւ նրա կինը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Բոկովան, մասնակցել էր «Ադրբեջան. հանդուրժողականության տարածք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին եւ Մեհրիբան Ալիեւային անձամբ հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն պարգեւը` Մոցարտի ոսկե մեդալը։ Շահույթ չհետապնդող 40 կազմակերպությունների լրագրողների հետաքննությունը Բաքվի «սեւ դրամարկղի» փողերը ռուսական ծագման ընկերություններում էլ է գտել.փողերի լվացման մեխանիզմին մասնակցել է ռուսական արտադրության սպառազինության վաճառքի մենաշնորհային իրավունք ունեցող РосОборонЭкспорт ընկերությունը: Եվրոպայի խոշորագույն բանկերից դանիական Danske բանկի գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն`РосОборонЭкспорт-ը փոխանցում է կատարել Մեհրիբան Ալիեւայի հոր` Արիֆ Փաշաեւի հետ առնչություններ ունեցող ընկերությանը:

Ռուսական այս ընկերությունը եւս 1 միլիոն 800 հազար դոլար է փոխանցել Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի որդուն պատկանող օֆշորային ընկերության հաշվեհամարներին: Եւ ամենաուշագրավն այն է, որ այս բոլոր փոխանցումները կատարվել են այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը շուրջ 4 միլիարդ դոլարի սպառազինություն էր ձեռք բերել նույն РосОборонЭкспорт -ից: Ուրեմն, անսպասելի չէ, թերեւս, պուտինյան շքանշանի փայլատակումը Մեհրիբան խանումի կրծքին:




Լրահոս