Առճակատում հայկական ու թուրքական լոբբիստների միջև. Սպիտակ տունը չի խառնվում բախումներին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական լոբբին գործի է դրել իր ամբողջ արսենալը, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը չհասնի Սենատ: Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը գրեթե միաձայն հաստատված փաստաթղթի համար վետո կիրառած սենատոր Լինդսի Գրահամը հետ է վերցրել վետոն: Բայց հիմա էլ թուրքերի թիրախում մեկ այլ սենատոր է հայտնվել. Ցեղասպանության բանաձեւի նկատմամբ այժմ էլ վետո է կիրառել Ջորջիա նահանգից սենատոր Դեւիդ Փերդյուն: Ըստ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի` սենատորը պատճառաբանել է, թե Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քվեարկությունը Սենատում կարող է բարդացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա վիճահարույց այլ խնդիրների կարգավորումը: Ուշագրավ է, որ այս արգելանքը առաջինը կիրառվեց, երբ էրդողանը Վաշինգթոնում էր, ու վետոյի հեղինակ սենատոր Գրահամը խոստովանել է, որ դա արել է Սպիտակ տան նախաձեռնությամբ:

Թուրքական «Ahaber»-ից տեղեկանում ենք, որ Գրահամը պատմել է, որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան խնդրել է իրեն գնալ Սենատ և արգելափակել այդ բանաձեւը: Նա, ի դեպ, ասել է, թե անհարմար է զգում Հայոց ցեղասպանության բանաձեւը արգելափակելու համար: «Ես ընդունում եմ Բոբ Մենենդեսին: Նա տարիներ շարունակ աշխատում է այդ ուղղությամբ: Ես հաջորդ անգամ չեմ պատրաստվում առարկել»,- ասել է Լինդսի Գրահամը։ Եւ, ահա, Գրահամից հույսը կտրելով` թուրքական լոբբին վեկտորն ուղղել է Փերդյուի ուղղությամբ: Դժվար է ասել, թե այս սենատորի հետ ինչ պայմանավորվածության են եկել, բայց ակնհայտ է, որ թուրքական լոբբին լարել է ուժերը: Ի դեպ, ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, որտեղ հարցը քվեարկության է ներակայացնում նախագահողը, Կոնգրեսի վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է կասեցնել հարցը քվեարկության դնելու նախաձեռնությունը:

Եւ հիմա այնպիսի տպավորություն է, որ Սպիտակ տունը չի խառնվում Հայոց ցեղասպանության բանաձեւի շուրջ բախումներին, առճակատումը հայկական ու թուրքական լոբբիստների միջեւ է: Ու մինչեւ Հայաստանից լռում են` չխառնվելով այս լարված առճակատմանը, եռանդուն պայքարի մեջ է հայ համայնքը: Ամերիկահայերը, մեր տեղեկություններով, ակտիվ աշխատում են նաեւ սենատորների հետ: Իսկ նախօրեին Վաշինգթոնի Քոլամբիայի շրջանի խորհուրդը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին: Եւ այժմ ԱՄՆ 50 նահանգներից 49-ը ու միակ հատուկ վարչական շրջանը՝ մայրաքաղաք Վաշինգթոնը, ինչպես նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դեռեւս չճանաչած միակ նահանգը Միսիսիպին է:




Լրահոս