Իջեւանի համայնքապետարանի առեւտրի, տրանսպորտի, սպասարկումների եւ կապի բաժինը տեղեկացնում է, որ ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի եղբոր որդի Սիփան Փաշինյանի եւ Իջեւան համայնքի ղեկավար Հայկ Ղալումյանի նախաձեռնությամբ Իջեւանում կատարվում է քաղաքի լուսավորության ցանցի հին լուսատուների փոխարինումը նոր լուսատուներով, քաղաքի Մետաղագործների փողոցի թաղամասերում իրականացվում են լուսավորության նոր ցանցի կառուցման աշխատանքներ, ավարտվում է Նալբանդյան փողոցից դեպի Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ տանող թաղամասի լուսավորության ցանցի կառուցումը:
Ղարագյոզյան փողոցում տեղադրվել են բազալտե եզրաքարեր, այդ փողոցում շինարարությունն ընթացքի մեջ է: Իջեւանի Ազատամարտիկների պուրակում տեղադրվել են նոր լուսատուներ, նստարաններ, աղբամաններ, Տավուշի մարզկենտրոնի կենտրոնական զբոսայգին բարեկարգվում է, այնտեղ նոր նստարաններ եւ աղբամաններ են տեղադրվում, միջպետական ավտոճանապարհի ասֆալտի հին ծածկի քերվածքով քաղաքի ոչ կենտրոնական որոշ փողոցներ բարեկարգվում են: Կատարվող բարեկարգման աշխատանքների հետ Իջեւանում հրատապ գործ կա, որ չի արվում:
Իջեւանի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում ընդունվում են քաղաքացիների դիմումները, նրանց տեղեկանքներ են տրվում եւ այլ: Այդ աշխատանքային սենյակում աշխատում են քաղաքապետարանի 8 աշխատողներ: Տեւական ժամանակ այդ սենյակի լամինապատ հատակը քանդված է, քաղաքացիները եւ քաղաքապետարանի աշխատողների ոտքերը մտնում են քանդված հատակի մեջ: