Մեջլիսը կարձակվի. Ալիեւը ձգտում է իր սրտով դարձնել բոլոր պաշտոնյաներին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Մեջլիսը քվեարկությամբ նախօրեին համաձայնություն տվեց իր ինքնալուծարմանը: Նախագահ Ալիեւի կողմից խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու օգտին են քվեարկել խորհրդարանի 125 պատգամավորներից 99-ը: 2015-ին ձեւավորված խորհրդարանն ընտրվել էր 5 տարի ժամկետով, այսինքն` եկող տարի աշնանն էր հեթական ընտրություն սպասվում: Բայց խորհրդարանում բացարձակ մեծամասնությամբ՝ 70 մանդատով «Ենի Ազերբայջան» կուսակցությունը չհամբերեց. հերթական ընտրություններից ընդամենը 1 տարի առաջ հայտարարեց, թե երկրում անհրաժեշտ բարեփոխումներ իրագործելու համար պետք է ընտրել նոր խորհրդարան, որը կսատարի նախագահ Ալիեւի վարած քաղաքականությանը:

Ինչ ասել է բարեփոխումներ, կամ հատկապես ինչպես կամ ինչով են խոչընդոտում կառավարության քաղաքականությանը` Ալիեւի կուսակիցները չեն մանարմասնել: Ու, փաստորեն, 5-րդ գումարման այդ խորհրդարանի քառամյա աշխատանքից հետո միայն զգացին, որ այդ սատարումը չկա: Սահմանադրության համաձայն` այդ երկրում խորհրդարանի լուծարման դեպքում արտահերթ ընտրությունները նշանակվում են ոչ շուտ, քան 60 օրվա ընթացքում:

Այսինքն` վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները Ադրբեջանում, ըստ ամենայնի, տեղի կունենան հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, եւ այդ երկրում առաջին անգամ վաղաժամկետ ընտրություններ կանցկացվեն: Մինչ այդ մի շնչով եզրագծին են հասցնում բոլոր կիսատ գործերը. նոր օմբուդսմեն ընտրեցին 39-ամյա Սաբինա Ալիեւային, որն իշխող կուսակցության փոխքարտուղար, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովի կինն է:

Մինչ այդ էլ Մեջլիսը շտապով հաստատեց եկող տարվա հիմնական ֆինանսական փաստաթուղը՝ բյուջե-2020-ը: Ուշագրավ է, որ կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ախմեդովը, որն այսօր խորհրդարանի լուծարման ջատագովներից է, ժամանակին կտրուկ հերքում էր այդ լուծարման հավանականությունը: Մեկ այլ կարեւոր փաստ էլ. Բաքվի բարձրագույն ղեկավարությունը, նոր խորհրդարանի ձեւավորմանը լծվելուց բացի, կադրային արմատական փոփոխություններ արեց: Գործադիրում էլ փոխվեցին ուժային կառույցների ղեկավարները, վարչապետն ու փոխվարչապետը:

Ակներեւ է՝ Ալիեւը ձգտում է, ձեռքը երկրի քաղաքական զարկերակին պահելով, իր սրտով դարձնել բոլոր պաշտոնյաներին , իր հսկողության տիրույթում պահել բացարձակապես բոլոր պաշտոնները: Իսկ ընդդիմությունը, թերեւս անակնկալի գալով մի քանի օրվա մեջ Մեջլիսը ցրելու ալիեւյան այս որոշումից, ցայտնոտի մեջ է ու առայժմ չի կողմնորոշվում` ինչպես շարժվել երկրի խորհրդարանի լուծարումից հետո:




Լրահոս