Մինչեւ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ու մասնակցությամբ հանդիպումը մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարեց. «Հայկական կողմն ունի մեկ միասնական փաթեթ, որում կան ինչպես բուն կարգավորմանը, այնպես էլ խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցեր»: Արտգործնախարար Մնացականյանը հավելեց՝ բուն կարգավորման հարցում մեր գերակայություններն առնչվում են Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը եւ կարգավիճակին:
Ուշագրավ է, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն այցելեց Բաքու, հարցը քննարկեց Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ: Եւ արտգործնախարար Լավրովի հետ համատեղ ասուլիսում Մամեդյարովը հայտարարեց, թե Մոսկվան եւ Բաքուն կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում փոխզիջում գտնելու հնարավորություն կա: Ինչ փոխզիջումների մասին է խոսքը` Ադրբեջանի արտգործնախարարը չմանրամասնեց:
ՌԴ արտգործնախարար Լավրովն էլ, ի դեպ, փոխզիջումներից խոսեց: «Մենք ունենք ըմբռնում, որ գոյություն ունեն փոխզիջման հասնելու հնարավորություններ: Գործը դյուրին չԷ: Այդ հակամարտությունը առավել երկարատեւներից մեկն Է ԱՊՀ տարածքում»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է ՌԴ ԱԳ նախարարը` հավելելով, թե երկօրյա շփումները հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ՝ ինչպես ջանալ առաջ շարժվել: Լավրովը լիահույս է, որ արդյունքներ կլինեն: Ուշագրավ մեկ այլ փաստ էլ նկատենք. արտգործնախարարների ասուլիսի ամբողջ ընթացքում Մամեդյարովը փորձում էր հավասարության նշան դնել Արցախի իշխանությունների եւ Արցախի «ադրբեջանական համայնքի» միջեւ: Իսկ Լավրովն ընդհանրական մոտեցմամբ ասաց.
«Համայնքների միջեւ շփումները պետք է վերականգնվեն, իսկ Ղարաբաղի ապագան որոշելու է ԼՂ ամբողջ բնակչությունը»: Եւ մինչ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր թերեւս կփորձեն ավելի պարզորոշ դարձնել իրավիճակը, նկատենք, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւն էլ դեկտեմբերի 2-ին Լավրովի հետ կայացած հանդիպմանը հայտարարեց, թե ադրբեջանական կողմն առաջընթաց չի տեսնում Լեռնային Ղանրաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում, բայց Ալիեւն, իհարկե, չմոռացավ Բաքվում հյուրընկալված Լավրովին հերթական ռեւերանսն անել՝ շեշտելով, թե ակնկալում Է, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվորեն մասնակցել հակամարտության լուծմանը: