Վերջնագրով խոսելը Բաքվի ձեռագիրն է, իսկ, այսպես կոչված, գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման, միլիոնների հասնող փախստականների մասին արդեն երեք տասնամյակ է` կրկնում են: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, դեռեւս 2004թ.-ի դեկտեմբերի 6-ին Սոֆիայում ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը, կրկներգի պես հայտարարեց.
«Մեր վստահությունը Հայաստանի նկատմամբ, որն այսօր հավասար է զրոյի, կարող է վերականգնվել միայն այն դեպքում, եթե մենք տեսնենք, որ նա պատրաստ է դուրս հանել իր զորքերը մեր գրավյալ տարածքներից»:
15 տարի անց` Բրատիսլավայում նույն ԵԱՀԿ նախարարական հանդիպման օրերին, Բաքուն ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նույնն է կրկնում. «Առաջին քայլը պետք է դառնա հայկական զինված ուժերի անառարկելի դուրսբերումը ԼՂ շրջանից եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից»: Հասկանալի է, թերեւս, որ իր ներքին քաղաքական լարվածությունը պարպելու մղումով Բաքուն ամենաքիչը պետք է պահպանի իր հռետորաբանությունը` հասկանալով, անշուշտ, որ իր ասածները հակառակ կողմում «հալած յուղի» պես չեն ընդունում:
Փաստաթուղթ շարադրել-շրջանառելուց զատ Բաքուն հայտարարեց էլ, թե բանակցելու է բացառապես իր այդ շարադրանքի շրջանակում: Բանակցության հերթական ռաունդը Բրատիսլավայում կայացավ: Մնացականյան-Մամեդյարով 3,5 ժամ տեւած զրույց-բանակցությունից շատ բան հայտնի չէ. պնդե՞լ է Մամեդյարովն իրենց ձեւակերպումները, թե՞ ոչ: «Քննարկվեցին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաեւ հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը»,- հաղորդում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Բայց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ նախարարական համաժողովում ելույթ էլ ունեցավ՝ Բաքվի իշխանություններին պատասխանի երանգներով. «Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման։
Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը պետք է չմնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որեւէ իրավիճակ, որը ձեւավորի Արցախի ժողովրդի էկզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թվականներին եւ 2016թ.-ին: Այս միտքն առավել ընդգծելու նպատակով ցանկանում եմ վկայակոչել Արցախի՝ ներկայումս Ադրեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներում ստեղծված իրավիճակը, որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների, եւ որոնք այժմ լիովին վերաբնակեցված են ադրբեջանցիներով։ Այս իրականությունը վերջերս ներկայացվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման լավ օրինակ…»,- հայտարարեց Զ. Մնացականյանը: