Ցեղասպանության ճանաչման բանաձեւի վրա ԱՄՆ սենատում 3-րդ անգամ է վետո կիրառվել: Այս անգամ Հյուսիսային Դակոտայի սենատոր Քեւին Քրամերն է բանաձեւն արգելափակել` հայտարարելով, թե անցանկալի է այն այսօր ընդունել: Փաստաթուղթը երրորդ անգամ փորձել են սենատի օրակարգային հարց դարձնել սենատորներ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսն ու հանրապետական Թեդ Քրուզը:
Մենենդեսը, ըստ թուրքական լրատվամիջոցների, ասել է. «Արդյոք մենք ճանաչո՞ւմ ենք տեղի ունեցած ցեղասպանությունը, թե՞ պետք է թույլ տանք, որ Թուրքիայի նման երկիրը որոշի մեր սեփական հայացքները, պատմության ընկալումը, բարոյական պարտավորություններն ու հանրային կարծիքը»: Թեդ Կրուզն էլ ավելացրել է. «ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրներում Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչված է։ Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, եւ դաշնակիցները պիտի միմյանց ասեն ճշմարտությունը»:
Բայց վետոյի սուրը ճոճող Քրամերը անդրդվելի է մնացել, հայտարարելով. «Ես կողմ եմ այս բանաձեւի ոգուն ու վստահ եմ, որ իմ 99 մյուս գործընկերները եւս համամիտ են այս բանաձեւի հետ:
Մենք կարող ենք այն անցկացնել, սակայն հարցն այն է, թե երբ է պետք դա անել: Իմ կարծիքով` այժմ հաստատ դրա ժամանակը չէ»: Մենենդեսն է հակադարձել. «Ես մտադիր եմ ելույթ ունենալ այստեղ այդ փաստաթղթով ամեն շաբաթ»:
Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը գրեթե միաձայն հաստատված այս փաստաթղթի մուտքը Սենատ ատաջին անգամ արգելափակեց հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը նոյեմբերի 13-ին: Այս սենատորն էլ պատճառաբանել էր, թե Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քվեարկությունը Սենատում կարող է բարդացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա վիճահարույց այլ խնդիրների կարգավորումը: Ուշագրավ է, որ Լինդսի Գրահամը այս արգելանքը կիրառեց, երբ էրդողանը Վաշինգթոնում էր, բայց հենց Գրահամն ինքը ավելի ուշ խոստովանեց, որ դա արել է Սպիտակ տան նախաձեռնությամբ:
Ավելին, ասաց նաեւ, որ անհարմար է զգում Հայոց ցեղասպանության բանաձեւը արգելափակելու համար: Հետո թուրքական լոբբիին իր վետոյով օժանդակության ձեռք մեկնեց ԱՄՆ Ջորջիա նահանգի հանրապետական սենատոր Դեւիդ Փերդյուն: Եւ, ահա, երրորդ ռաունդի գլխավոր դերակատարը Քրամերն է: Ուշագրավ է, որ երեք սենատորներն էլ սակավաթիվ հայերով նահանգներից են, այսինքն` հայ ընտրողներ գրեթե չունեն (հյս. Դակոտա, Ջեորջիա, հրվ. Կարոլինա): Այս գործընթացի ետեւում ակներեւ են թուրքական ականջները:
Թուրքական լոբբին լարել է ուժերը, գործի դրել իր ամբողջ արսենալը. ի վերջո, իր աչքի առաջ է Ներկայացուցիչների տան քվեարկության պատկերը՝ 405 կողմ, 11 դեմ: Ի դեպ, ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, որտեղ հարցը քվեարկության է ներակայացնում նախագահողը, Կոնգրեսի վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է կասեցնել հարցը քվեարկության դնելու նախաձեռնությունը: