Երկվության տիրույթում. պատգամավորի անհասկանալի ֆեյսբուքյան «հաթաթաները». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը երեկ համացանցի իր էջով հայտարարել է, թե Շեկոն ու Կարոն իրեն միջնորդավորված ձեւով սպառնացել են ընկերոջը իրեն տուն իջեցնելուց հետո ծեծի ենթարկել՝ ասելով, թե հաջորդը պատգամավորն է լինելու… Պատճառն այն է, որ պատգամավոր Սարուխանյանը երկրաշարժի օրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ծաղկեպսակ ուղարկելու իրողությունը ներկայացնելիս նշել է, թե մի երկու հոգի դողալով, գլուխները կախ են ծաղկեպսակը տեղ հասցրել: Եւ, ահա, գյումրեցի Շեկոն ու Կարոն վիրավորված, թե իրենք պարզ ճակատով են եղել, չեն դողացել, գնացել են՝ հարցեր լուծելու, եւ «դաստիարակչական» աշխատանքները սկսել են պատգամավորի ընկերոջից: Ով է ծեծի ենթարկված տղամարդը` Սարուխանյանը չի հայտնել: Միայն նշել է, թե դիմել է ոստիկանություն եւ ակնկալում է համարժեք պատիժ:

Իհարկե, օրինապահ, իրավական երկրում հենց այսպես էլ պետք է զարգանային իրադարձությունները. կա ծեծ, պետք է դրանով զբաղվեն իրավապահները: Այլ ճանապարհը կնշանակի քրեական ենթամշակույթի կիրառում, ինչը քրեականացված եւ ամենախիստ պատիժ ակնկալվող հոդվածն է արդեն մեր երկրում: Բայց իրավիճակն այնքան պարզ չէ, որքան թվում է: Ու դա թերեւս երկու պատճառով. նախ` որ համացանցը երեկ ողողված էր տեսակետներով, թե պիտի պատգամավորն անձամբ հանդիպեր սպառնացողներին, ինչպես պահանջել են, եւ հարցերը լուծեր՝ բացատրելով, քանի որ գրառումով հարցի լուծումը սազական չէ տղամարդուն: Մի մասն ասում է՝ ճիշտ է արել, որ չի հանդիպել, թող ոստիկանությունը զբաղվի ծեծողներով:

Բայց այս դեպքում անհասկանալի են ֆեյսբուքյան «հաթաթաները», որն արել է պատգամավոր Սարուխանյանը. «Հարգելի շեկո ու նմանատիպ գոյացություններ, բախտներդ ուղղակի բերել է, որ կարգավիճակս, ցավոք, թույլ չի տալիս ձեզ համարժեք պատասխան տալ»։ Եթե պետք է իրավապահներին դիմելուց հետո «հաթաթաներ» հնչեին, ի՞նչ իմաստ ուներ իրավապահներին դիմելը: Կարելի էր գոնե հնչեցված «համարժեք պատասխանի» կեսը իրական կյանքում տալ: Իսկ եթե, այնուամենայնիվ, ընտրվել է իրավապահների միջոցով հարցեր լուծելու տարբերակը, ապա այս նախադասությունը լրիվ անիմաստ էր:

Մի խոսքով, այս իրավիճակը ցույց է տալիս, որ նույնիսկ պատգամավորները չեն կողմնորոշվել` գնալ քրեական, թե քաղաքակիրթ ճանապարհով: Եւ այս երկվությունն ամենավտանգավորն է: Կողմնորոշվե՛ք, պարոնա՛յք:




Լրահոս