ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թանկացումներ Ամանորին ընդառաջ. ինչ վիճակ է պարենային շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ 20 օր է մնացել Ամանորին, բայց Հայաստանի սպառողական շուկայում թանկացումները սկսվել են նոյեմբերից: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով`մեր հանրապետության սպառողական շուկայում այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրված գնաճը կազմել է 1.1 տոկոս:

Հիմնականում թանկացել է սննդամթերքը եւ ոչ ալկոհոլային խմիչքը` 2.6 տոկոսով: Պաշտոնական տվյալներով` սրան նպաստել են մրգի 3.5 եւ բանջարեղենի 20.1 տոկոս գնաճերը: Սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաներում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրված գնաճը կազմել է 0.4 տոկոս:

Միայն ձվի գինը այս նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.7 տոկոսով, իսկ այս հոկտեմբերի համեմատ` այն, հակառակը, բարձրացել է 1 տոկոսով:

«Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Երեւանում կաթնամթերքը, պանիրը եւ ձուն թանկացել են 0.2 տոկոսով: Ամենակարեւորը` թանկացում արձանագրվել է հացաբուլկեղենի եւ ձավարեղենի շուկաներում. Այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացամթերքի շուկայում թանկացումը կազմել է 3.7 տոկոս, իսկ այս հոկտեմբերի համեմատ` այն թանկացել է 0.3 տոկոսով: Մսամթերքի շուկան եւս անմասն չի մնացել թանկացումից. այս շուկայում մեկ ամսվա ընթացքում գրանցվել է 0.1 տոկոս գնաճ: Ըստ մասնագետների` մսամթերքը դեռ կթանկանա, քանի որ առջեւում Ամանորն է: Փոխարենը ձկնամթերքի շուկայում է գնանկում արձանագրվել 0.9 տոկոսի չափով:

Ի դեպ, այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, ՀՀ վիճակագրական կոմիտեի դիտարկած բոլոր երկրներից միայն Հայաստանում է գնանկում արձանագրվել: Այսինքն` այս տարվա հոկտեմբերին, 2018 թվականի դեկտեմբերի համեմատ, նշված բոլոր երկրներում արձանագրվել է գնաճ, եւ միայն Հայաստանում գները նվազել են 1.6 տոկոսով: Բայց հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հակառակ պատկերն է գրանցվել. օրինակ` Ռուսաստանում այս հոկտեմբերին արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ, իսկ Հայաստանում այն կազմել է 0.6 տոկոս:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս