Այն, որ ողջ աշխարհում բնապահպանությունով հետաքրքրված է աշխարհի քաղաքակիրթ մարդկությունը՝ անկախ սեռից, կարգավիճակից, տարիքից ու նույնիսկ համոզմունքներից, վաղուց հայտնի ճշմարտություն է: Մեր երկրում, սակայն, բնապահպանական խնդիրները շարունակվում են քաղաքականացվել: Երեկ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն Ամուլսարի հանքի հարցով հայտարարություն է տարածել՝ նշելով.
«Դեկտեմբերի 9֊ին Ջերմուկի «Գրանտ Ռեզորթ» հյուրանոցում ՀՀ փոխոստիկանապետը, ոստիկանապետի խորհրդականը, ոստիկանության այլ պաշտոնատար անձինք, Վայոց ձորի մարզպետը եւ Ջերմուկի համայնքապետը հանդիպել են Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչների հետ, ովքեր մասնակցում են դեպի Ամուլսար տանող ճանապարհների արգելափակմանը…
Առաջարկել են բացել Ամուլսարի մուտքերը եւ թույլ տալ, որ «Լիդիան» ընկերությունը ձմեռացման աշխատանք կատարի։ Մամուլում շրջանառվող տեղեկություններ կան, որ «Լիդիան» ընկերությունը մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը տեղաշարժ ցույց չտալու դեպքում կարող է դեֆոլտի ենթարկվել։ Հանդիպմանը ներկա բնակիչները կտրուկ կերպով մերժել են… Անկախ այս հարցում ՀՀ կառավարության շարժառիթներից եւ քայլերից` հայտարարում ենք, որ սերունդների ապագայի համար սրտացավ համայն հայության հետ միասին խափանելու ենք Ամուլսարը հանք դարձնելու բոլոր փորձերը։ Ամուլսարը սար է մնալու»:
Այս հայտարարությունը աչքի չէր ընկնի, եթե չլիներ սպառնալից տոնով, չպարունակեր վերջնագիր եւ ունենար մասնագիտական հիմնավորում: Ի՞նչ է նշանակում՝ «խափանելու են կառավարության բոլոր փորձերը»: Արդյոք էլի «Սասնա ծռերը» զե՞նք պիտի վերցնեն,արդյոք պիտի ոստիկան կամ այլ պահապան գնդակահարե՞ն՝ «խափանում» ասելով: Եւ, վերջապես,«Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար կազմը այս տարվա սեպտեմբերի 5-ին հանդիպել էր ՀՀ վարչապետին, հնարավորություն ուներ քննարկելու եւ լուծումներ գտնելու այդ հարցի շուրջ, եթե, իհարկե, մտահոգություն կար այդ մասով:
Նրանք, սակայն, գոհ ու երջանիկ դուրս եկան հանդիպումից եւ հիմա երկրի լեգիտիմ առաջնորդի հետ խոսում են վերջնագրերով ու սպառնալիքներով: Արդյոք այդ կուսակցության լիդերները մոռացե՞լ են, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի ծավալած շարժումն ու նրա անձնական հետեւողականության արդյունքում գրանցված հաղթանակը, իրենք երբեք չէին կարող անգամ երազում պատկերացնել ազատության մեջ հայտնվելու մասին: Որքանո՞վ է քաղաքական եւ բարոյական առումով ճիշտ խոսել երկրի կառավարության հետ նման բառապաշարով ու ոճով:
Իհարկե, մենք ամենեւին չենք կասկածում, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայրենիքին նվիրված անհատների միություն է, որոնց նպատակները ազնիվ են, բայց դրանք պետք է գեներացվեն ոչ թե անազնիվ ու ագրեսիվ միջոցներով, այլ միայն երկխոսության եւ փոխըմբռնման ճանապարհով: