Մինչև ե՞րբ պետք է դատավորների սխալների համար վճարի Հայաստանի քաղաքացին. նախկին իշխանությունների ժառանգությունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում էր, որի ընթացքում հետաքրքիր փաստեր բացահայտվեցին: Պազվում է՝ 2001 թվականից սկսած, ինչ Հայաստանը դարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ, արդեն շուրջ 109 վճիռներ են կայացվել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Երեկ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ մինչ օրս Հայաստանի Հանրապետությունը այս կամ այն անարդար վճռի համար արդեն շուրջ 3 մլն 328 հազար եվրո է վճարել հաղթող կողմերին, ընդ որում՝ դրանից միայն 2 մլն 400 հազար եվրոն փոխհատուցվել է Երեւանի Կենտրոնի` հյուսիսային պողոտա, Արամի, Բյուզանդի եւ այլ փողոցների նախկին բնակիչ-սեփականատերերին:

Ստացվում է՝ Հայաստանի նախկին իշխանությունների գործած ոչ իրավաչափ քայլերի համար վճարում է հետհեղափոխական Հայաստանի կառավարությունը: Ավելին՝ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, մի շարք դատավորներ եւ այլ պաշտոնյաներ՝ ընդհուպ նախկին երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնք ուղղակի կամ անուղղակի պատասխանատու են եղել մարդկանց տնավեր անելու համար, այսօր ազատության մեջ վայելում են կյանքը (բացի Ռոբերտ Քոչարյանից), հարուցված քրեական գործերի շրջանակներում ինքնապաշտպանվում, թե «վաղեմության ժամկետ գոյություն ունի»:

Սրան զուգահեռ Հայաստանի հարկատուների միջոցներով վճարված գումարներից ՀՀ կառավարությունը ստիպված է փոխհատուցել Հայաստանին հաղթած քաղաքացիերին: Շատ դեպքերում այն ոչ միայն դրամական փոխհատուցում է ենթադրում, այլեւ գույքային, որը բավականին թանկ արժե:

Այս իրավիճակում մի հարց է մնում չպարզաբանված. մինչեւ ե՞րբ պետք է այս կամ այն ապաշնորհ պաշտոնյայի գործած սխալների, կայացրած անարդար որոշումների ու վճիռների համար վճարի ՀՀ կառավարությունը մեր բոլորի՝ ՀՀ քաղաքացիների միջոցներից: Սա մի երեւույթ է, որ ուշ թե շուտ պիտի իր գնահատականին արժանանա: Իսկ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն էլ ոչ թե պետք է լինի միայն պաշտպանվողի դերում, այլ հընթացս քայլեր ձեռնարկի՝ չեզոքացնելու հնարավոր վտանգները, որոնք կարող են հանգեցնել ընդդեմ Հայաստանի վճիռների: Այսինքն՝ իրավախախտումները պետք է վերացվեն մինչ եվրավճիռների կայացումը, թե չէ հետին թվով արձանագրումները անիմաստ զբաղմունք են:




Լրահոս