Ումից եւ ինչից է նեղացել Երևանի քաղաքապետը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ քաղաքային իշխանության ավագանին շարունակում է աղմկել, թե ինչու է քաղաքապետարանը որոշել 850 հազար ԱՄՆ դոլար ծախսել: Հիշեցնենք, որ Երեւանի բյուջեից մոտ 54 մլն դրամ տրամադրվել է Հանրապետության հրապարակում եւ հարակից տարածքներում իրականացվող միջոցառումների համար: Եվս 271 մլն դրամ տրամադրել է կառավարությունը տոնական միջոցառումների ծավալներն ընդլայնելու համար: Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոսքով` 81 մլն դրամ էլ Երեւանի վարչական շրջանների կողմից է տրամադրվել վարչական շրջանները զարդարելու, տոնական միջոցառումներին պատրաստվելու համար: Երբ գումարում ենք այս թվերը, ծախսերի հանրագումարը դառնում է մոտ 406 մլն դրամ կամ 850 հազար դոլար:

Սա այն դեպքում, երբ մայրաքաղաքում չկան արված այնպիսի ակնառու աշխատանքներ, որոնք հնարավոր լինի ցույց տալ քաղաքացիներին, էլ չասած, որ չկան քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից որակված «մահվան վերելակների» նորոգման «հեղափոխական» աշխատանքներ ուտեսանելի ծրագրեր: Ավելին՝ անզեն աչքով նկատելի է, որ բոլոր համայնքներում դեռ դրվում են տոնական այն զարդարանքները, որոնք տարիներ շարունակ տեսել ենք:

Որոշ դեպքերում դրանք դեռ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի օրոք եղած զարդարանքներն են: Ահա այստեղ է, որ հարց է առաջանում, թե ինչի վրա է ծախսվելու այդ ահռելի գումարը:

Բացի այդ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման 1 տարին արդեն լրացել է, բայց երեւանցիները նրան չեն տեսել մայրաքաղաքով քայլելիս: Նա փողոց դուրս չի գալիս, չի շփվում, չի տեսնում երեւանցու խնդիրներն անձամբ: Եւ դատելով մամուլի հրապարակումներից` «չի շփվում նաեւ իր քաղաքական ներկայացուցիչների հետ, չի պատասխանում հեռախոսազանգերին»: Ումից եւ ինչից է նեղացել քաղաքապետը` դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ նրա նկատմամբ արդեն կա անվստահություն հենց իշխող թիմում:
Իհարկե, դժվար է պատկերացնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս փուլում «կզոհաբերի» իր` բացառիկ ձայներով ընտրված քաղաքային իշխանությանը:

Ինչո՞ւ. որովհետեւ ակնհայտ է, որ ավագանու այսօրվա կազմում չկա առավել «հարմար թեկնածու» ապագա քաղաքապետի համար, իսկ նոր ընտրությունները Երեւան քաղաքում այս փուլում նոր խնդիրներ կառաջացնեն: Թերեւս այս իրողությամբ է պայմանավորված Մարությանի ինքնավստահությունը գործունեության մեջ, բայց ակնհայտ է, որ հենց ինքն էլ է հասկանում՝ իրենից դժգոհ է նաեւ անձամբ Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս