Խորհրդարանական արտահերթ նիստեր, քննարկումներ և լսումներ ԱԺ-ում․ թեժ իրավիճակ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկա շաբաթը խորհրդարանում եւս թեժ իրավիճակ է սպասվում, քանի որ ոչ միայն արտահերթ նիստ կա, այլ նաեւ ԱԺ հանձնաժողովներում են նիստեր սպասվում, ինչպես նաեւ լսումներ: Եւ այսպես, դեկտեմբերի 16-ին արտահերթ նիստ է սպասվում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը հրավիրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, իսկ հարցերի հիմնական զեկուցողը լինելու է իմքայլական Սարգիս Խանդանյանը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում են ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը եւ ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ղեկավարի առաջադրման եւ ընտրության հարցը։

Դեկտեմբերի 19-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու է ընդամենը մեկ հարց` «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում): Ի դեպ, հարցը ներկայացնելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Արդեն դեկտեմբերի 20-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանում լինելու են լսումներ կրթության համակարգում կատարվող փոփոխությունների վերաբերյալ, սակայն առանցքային թեման այլ հարց է լինելու: Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ լսումների ժամանակ քննարկվելու է այն հարցը, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում իշխանափոխություն է եղել, բայց հանրակրթական բոլոր վայրերում շարունակում են ղեկավարել ՀՀԿ-ականների եւ ՕԵԿ-ականների ներկայացուցիչները:

Այսինքն` առաջիկա շաբաթը հայրենի օրենսդիրների համար եւս թեժ է լինելու, ու դեռեւս արձակուրդային շրջանը նրանց համար սկսված չէ:

Նյութը` ՍՈՆԱ ԳՐԳՈՐՅԱՆԻ




Լրահոս