Հարց քաղաքացիներից՝ օգտագործված անվադողեր ներմուծելու ժամանակ գործո՞ւմ է որևէ սահմանափակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը ցանկանում է ներմուծել օգտագործված անվադողեր, ապա արդյոք գործո՞ւմ է որեւէ սահմանափակում` դրանց ներմուծման հետ կապված:

Գեւորգ Ամիրխանյան (36 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել` ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված եւ սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիայի եւ հայտի ձեւերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու եւ ՀՀ Կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N327-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N90-Ն որոշման համաձայն. օգտագործված օդաճնշական անվադողերը եւ դողածածկերը համարվում են վտանգավոր թափոններ եւ դրանց ներմուծումը Մաքսային միության տարածք կամ տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներից ՀՀ արգելվում է:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ Մաքսային միությունը անդամ պետությունների առեւտրատնտեսական ինտեգրման ձեւ է, որով նախատեսվում է միասնական մաքսային տարածք, որի սահմաններում փոխադարձ առեւտրի մեջ չեն կիրառվում մաքսատուրքեր, ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ, եւ որտեղ գործում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը եւ երրորդ կողմի հետ ապրանքների արտաքին առեւտրի կարգավորման միասնական միջոցները:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս