Հայաստանում տաքսիներից սկսել են քիչ օգտվել․ որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա 10 ամիսների ընթացքում ՀՀ-ում ուղեւորափոխադրումները աճել են 4.6 տոկոսով, փոխարենը զգալի նվազել են բեռնափոխադրումների ծավալները:

Այս տարվա հունվար-հոկտեմբերին ավելացել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 4 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները 2019-ի 10 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազել են` 31.4 տոկոսով: Այսինքն` այս տարվա 10 ամիսներին տաքսիներից օգտվել է 3 մլն 929 հազար մարդ: Մանագետները սրան եւս բացատրություն ունեն. բանն այն է, որ Հայաստանում շեշտակի ավելացել է ավտոպարկը: Մեր հանրապետությունում վերջին ամիսների ընթացքում գրեթե յուրաքանչյուր ընտանիք զբաղված է մեքենա ներկրելով: Չէ՞ որ հունվարի 1-ից Հայաստանում մեքենաների գները մի քանի անգամ բարձրանալու են:

Փոխարենը 27.5 տոկոսով ավելացել են ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները, հիմնականում զբոսաշրջիկների, նաեւ Հայաստանից արտագաղթածների հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ աճել են էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները 5.9 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Իսկ մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների աճն էլ, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում խցանումներ են, իսկ մետրոյի դեպքում չկա նման խնդիր:

Մյուս կողմից, մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների աճը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ բավականին շատ թվով ավտոբուսային երթուղիներ դուրս են եկել շահագործումից, իսկ երթուղիներն այնպես են ձեւափոխվել, որ մարդիկ մայրաքաղաքի մի ծայրից մյուսը գնալիս ստիպված են լինում երկու տրանսպորտից օգտվել: Հավանաբար սա է պատճառը, որ երեւանցիները սկսել են ավելի շատ օգտվել մետրոյից, որը եղել եւ դեռեւս մնում է ամենահաստատուն գործող հասարակական տրանսպորտը:

Պաշտոնապես Հայաստանում նվազել են բեռնափոխադրումների ծավալները 51.1 տոկոսով: Բայց, մյուս կողմից, այս տարվա 10 ամիսներին երկաթուղային բեռնափոխադրումներն են աճել 8.1 տոկոսով: Նշված ժամանակահատվածում փոքր-ինչ աճել են երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալները` 3.2 տոկոսով: Փոխարենը կտրուկ նվազել են ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալները` 61.8 տոկոսով:

Սակայն ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները, ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում, տեսնում ենք, որ արտահանումը աճել է 26.2 տոկոսով, ներմուծումը` 27.6 տոկոսով: Իսկ ավտոտրանսպորտով ներհանրապետական բեռնափոխադրումները, հակառակը, նվազել են, այն էլ` 73.8 տոկոսով: Ի դեպ, հենց այս նվազման հաշվին է, որ ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների ծավալը պակասել է: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ աճ է արձանագրվել` արտահանման դեպքում` 7.8 տոկոս, իսկ ներմուծումը` 17 տոկոս:

Հատուկ ուշադրության են արժանի «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները. այս դեպքում աճը կազմել է 1.9 տոկոս: Ավելին` բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, եւ այն էլ կոնկրետ մեկ տեսակի ապրանք` գազ: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 10 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս