ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ եւ ներսում տեղի ունեցող գործողությունները որեւէ կերպ իրենց տրամաբանական ավարտին չեն մոտենում: Հեղափոխությունից հետո, նախ, ժողովրդի վստահությունը չվայելող բարձրագույն այդ դատարանի անդամ ընտրվեց Վահե Գրիգորյանը, որի առաքելությունն էր մաքրել ՍԴ-ն «հներից» ու վերականգնել այդ կառույցի իմիջը:
Բայց նրա ընտրությունից հետո իրավիճակը չփոխվեց: Միայն նա մի երկարաշունչ տեքստ ուղարկեց խորհրդարանին ու վարչապետին՝ ներկայացնելով խորը ճգնաժամում գտնվող ՍԴ-ի առողջացման ծրագիրը: Եւ մինչ նրա հերթական գրությանը իշխանական խմբակցությունն ու Կառավարությունը կարձագանքեին, Վահե Գրիգորյանը շարունակում է պաշտոնական անգործությամբ զբաղվել. աշխատանքի չի գնում, ոչինչ չի անում, բայց շարունակում է պետբյուջեից աշխատավարձ ստանալ, ընդ որում` բավականին մեծ գումար:
Իսկ ի՞նչ արեց իշխանությունը. ընդառաջ գնալով ՍԴ ամենափրկիչ Վահե Գրիգորյանին` նախ` խորհրդարանը Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթացը սկսեց:
Ու թեեւ օրինագիծը վավերացվեց, այնուամենայնիվ, Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու գրծընթացը մտավ փակուղի, քանի որ ԱԺ ընդունած փաստաթուղթը ՍԴ-ն նույնիսկ վարույթ չընդունեց:
Անհրաժեշտություն առաջացավ այլ քայլ կատարելու: Եւ, ահա, ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնեց, որ ԱԺ մեծամասնությունը ԱԺ-ում օրինագիծ վավերացնի, համաձայն որի` եթե առաջիկա ամիսներին ՍԴ դատավորներն ինքնակամ գնան թոշակի, ապա կստանան իրենց այսօրվա աշխատավարձը, իսկ թոշակային տարիքը լրանալուց հետո, կստանան նաեւ թոշակը:
Օրենքը, իհարկե, ընդունվեց կամ դակվեց, բայց իրավիճակը դարձյալ նույնն է. ՍԴ դատավորները շարունակում են աշխատանքի գնալ, նրանցից որեւէ մեկը վաղ թոշակի անցնելու դիմում չի ներկայացրել ու չի էլ հայտնել նման ցանկության կամ մտադրության մասին:
Ու ստացվում է, որ խորհրդարանը՝ որպես երկրի առաջնային մանդատ ունեցող մարմին, զբաղված էր անպտուղ աշխատանքով. ընդունեց օրինագիծը, որը կմնա անկատար օրենքների շարքում հերթականը: ՍԴ-ն գործում է այնպես, ինչպես նախկինում, իսկ Վահե Գրիգորյանը դեռ շարունակում է աշխատանքի չգնալ, բայց աշխատավարձ ստանալ:
Արդյոք այդ հարցը երբեւէ չպե՞տք է քննարկման առարկա դառնա: