Հայաստանի ներքաղաքական կյանքում բավականին ուշագրավ իրադարձություններ են ծավալվում: Հեղափոխությունից հետո շատ գործիչներ ու գործարարներ փորձում են ամեն կերպ տեղավորվել նոր իշխանությունների հետ նույն դաշտում:
Շատերը ինքնամաքրման այնպիսի քայլեր են անում, այնպիսի եռանդով են մերժում նախկիններին, որ երբեմն տարակուսանք է առաջացնում, թե մինչ այս ինչպես են ապրել: Ինչպես հայտնի է, գործարար Խաչատուր Սուքիասյանը վերջերս դաժան քննդատության ենթարկեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրան մեղադրելով ոչ միայն տնտեսական մրցակցության խոչընդոտման համար, այլեւ մեղադրեց վատ ընկերլինելումեջ:
Այդկերպ, իհարկե, Սուքիասյանն առանձնացավ նախկիններից, թեեւ որպես գործարար նա հալածանքների լուրջ ճանապարհով է անցել նախկինում: Իրապես 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո նրա նկատմամբ քաղաքական ու տնտեսական հալածանքներ իրականացվեցին, նա կորցրեց բիզնեսներ եւ այլն:
Բայց երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը այնպիսի սառը ցնցուղ մատուցեց հանրությանը եւ հատկապես գործարար Խաչատուր Սուքիասյանին, որ դժվար էր պատկերացնել: Իշխանական պատգամավորը հայտարարել է, որ Սուքիասյանն իրեն հարստահարել է: Պատգամավորը պատմել է, որ ժամանակին խանութ է ունեցել, օգտվել է Սուքիասյանին պատկանող ընկերության ալյուրից, հետո չի կարողացել գումարը մարել, եւ Սուքիասյանն իր մոտ մարդկանց է ուղարկել, որի արդյունքում ինքը ստիպված է եղել մատչելի գներով վաճառել իր ապրանքը: Պատգամավորը զարմանք է հայտնել, որ այժմ Սուքիասյանը մեղադրում է Հայրապետյանին իրեն պատկանող գործարանը խլելու համար. «Խաչատուր Սուքիասյանը երեւի 100 անգամ Սերժ Սարգսյանի կենացը խմել է, հիմա նվնվում է, թե գործարանն իրենից խլել են»:
Այս հայտարարությունն արդեն իսկ պատասխանի ու պարզաբանման կարիք ունի: Ինչո՞ւ. որովհետեւ, նախ, ԱԺ պատգամավորը հանցագործության մասին հստակ ինֆորմացիա եւ հաղորդում է տվել` գործարարն իրեն հարստահարել է: Բացի այդ, պնդել է, որ «վատ ընկեր» Սերժ Սարգսյանի կենացը Սուքիասյանն անձամբ 100 անգամ խմել է:
Իսկապես, հետաքրքիր ժամանակներում ենք ապրում: Երբեմն այնպիսի բացահայտումներ են լինում, որ դժվար է պատկերացնել՝ ով ինչպես, ինչու է նման վարքագիծ դրսեւորել եւ, ամենակարեւորը, ինչու է հիմա փորձում հանդես գալ այլ՝ սրբադասվածների դիրքերից: Ընդ որում՝ ասվածը վերաբերում է բոլորին: