ԽԱՂԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հայտնի հեռուստահարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանն այսուհետ պետք է դառնա ոչ թե ապրանք, այլ միտք արտահանող երկիր, նրա ենթակաները` ի դեմս ՀՀ կրթության եւ գիտության, ֆինանսների,  արդարադատության նախարարների եւ ԱԳ փոխնախարարի, շտապեցին իրականացնել իրենց վերադասի հանձնարարականը` դրա համար ուղեւորվելով «Արմենիա» TV` մասնակցելու Տիգրան Սարգսյանի պաշտոնական աջակցությամբ  եթեր հեռարձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ռուսալեզու հեռուստախաղին: Որքան տեղյակ ենք, խաղը նկարահանվում է ցերեկային` ասել է թե` աշխատանքային ժամերին,  էլ չասած, որ այդօրինակ նկարահանումները սովորաբար տեւում են մի քանի ժամ:  Ու, փաստորեն, հարկատուներիս հաշվին  վարձատրվող պետական պաշտոնյաներն աշխատանքային ժամերին, փոխանակ զբաղվելու իրենց անմիջական գործով, գնում են  ինչ-որ խաղ խաղալու, թեկուզեւ` ինտելեկտուալ: (Եթե անգամ նկարահանումները եղել են կիրակի օրը, միեւնույն է, ԱՊՀ-ում գործազրկության եւ գնաճի ամենաբարձր մակարդակն ունեցող  երկրի նախարարները պետք է որ ավելի կարեւոր գործեր ունենային): Ամեն դեպքում կարծում ենք, որ Սերժ Սարգսյանի գլխավոր PR-շչիկը, ով, ասում են, նաեւ «Արմենիայի» փայատերերից է, լուրջ կիքս էր թույլ տվել: Ստացվեց, որ հեռուստադիտողները ուրբաթ օրը   տեսնում են, թե ինչպես է աղան բարկացած  խիստ հանձնարարականներ տալիս նախարարներին, իսկ կիրակի համոզվում են, որ  նրանք նախագահի ասածները  բանի տեղ չեն դնում ու ժողովրդի վիճակը բարելավելու փոխարեն   խաղեր  են խաղում: Ընդ որում, խաղում են բավական միջակ` հաշվի առնելով այն, որ նրանք մտքի արտահանմամբ զբաղվող եւ բացառապես գիտելիքի գերակայությունը հարգող Տիգրան Սարգսյանի կառավարության անդամներն են: Ուրիշ բան, եթե  վարչապետը լիներ Հովիկ Աբրահամյանը, ով խելքի առկայությունը պարտադիր պայման չի դիտում:  Թե չէ բացի այն,  որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն  իրեն շատ հարմարավետ էր զգում ռուսաց  լեզվով հեռարձակվող հաղորդման ժամանակ եւ իրեն մի քանի անհաջող կատակներ թույլ տվեց` Նապոլեոնին եւ Ալեքսանդր I-ին սափրագլուխներ անվանելով, մնացած հարցերում հայոց  նախարարներն առանձնապես չփայլեցին: Այսպես. հարցին, թե  Նապոլեոնն ու Ալեքսանդր I-ը Տիլզիտում  հանդիպելով` ի՞նչ փոխանակեցին,  կառավարության «գիտուններից» մեկը պատասխանեց` գուցե սիրուհիների՞ն: Ինչպես ասում են, ամեն մարդ իր արշինով է չափում: Ամեն դեպքում, սրանից հետո նախարարները  դժվար նման խաղեր  խաղան, քանի որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Ս. Սարգսյանը բոլոր նախարարներին ասել է, որ այսուհետ ինքն օրվա տարբեր ժամերի զանգահարելու է նրանց աշխատանքային համարներով, եւ վայ նրան, ով տեղում չեղավ:




Լրահոս