«Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ շարունակում են Հայաստանի բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Այս անգամ լուսավորվել են Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղի փողոցները` ներառելով 1600մ երկարությամբ տարածք, ինչպես նաև տեղակայվել է 45 LED լուսարձակ:
Համայնքային կայուն զարգացման ամենակարևոր նախապայմաններից մեկն էներգախնայող համակարգի ներդրումն է, որը համադրում է բնապահպանական բաղադրիչը և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: Էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը ոչ միայն թեթևացնում է համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնում է համայնքային կյանքը և առօրյան, այլև՝ ստեղծում է կայուն և մաքուր շրջակա միջավայր։
Ժամանակակից այս համակարգի գործարկմանը ներկա են գտնվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր ճարտարագետ Մարտին Մարալչանը, Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանն ու համայնքի բնակիչներ:
«Նոր տարվան ընդառաջ կարևոր ձեռքբերում էր հասցնել լուսավորել ևս մեկ սահմանապահ գյուղ: Պետք է առանձնակի նշեմ, որ այս նախաձեռնությամբ մենք նպաստում ենք ոչ միայն համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, այլև՝ շրջակա միջավայրի և բնության պահպանությանը, քանի որ համայնքը լուսավորող LED լուսարձակները էներգախնայող են և կարող են ծառայել շատ երկար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարիներ շարունակ իր ուշադրության կենտրոնում է պահում հատկապես սահմանապահ գյուղերի լուսավորության հարցը և դրանով հանդերձ մնում հավատարիմ իր իսկ ստեղծած սոցիալական պատասխանատվության կարևոր արժեքներին», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների՝ բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակները սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար: Ամռան ամիսներին փողոցը լուսավորված կլինի 21:00-ից մինչև 02:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00-ը, իսկ տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:
FPWC և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման:
Նախիջևանի սահմանից ոչ հեռու գտնվող Խաչիկ գյուղը ներառված է «Էկո գյուղերի ցանց» ծրագրում: Ծրագրի հիմքում կայուն զարգացման չորս բաղադրիչներն են՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական, և ծրագիրը հնարավորություն է տալիս նմանատիպ համայնքները ներառել համայնքների լուսավորության գործընթացում:
«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին
էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:
FPWC-ի մասին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։
Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։
Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։