Ջրային կոմիտեի նախագահի` աշխատանքից ազատման իրական պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:

Այն, որ Վարդան Մելքոնյանի գործելաոճից դժգոհ էին, ArmLur.am-ը այդ մասին գրել էր դեռեւս անցած տարվա հոկտեմբերին: Մեր տեղեկություններով, Վարդան Մելքոնյանին աշխատանքից ազատելու մասին տեղեկությունները շրջանառվել են հենց նախորդ տարվա հոկտեմբերից սկսած:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ Մելքոնյանի աշխատանքից ազատման հիմնական պատճառը հանրապետության ոռոգման ոլորտին չտիրապետելն է: Ի դեպ, այս ոլորտը համարվում է մեր երկրի խնդրահարույց ոլորտներից մեկը եւ պահանջում է մեծ ուշադրություն: Սակայն Մելքոնյանն այս դեպքում բավականին «կաղել է»:

Պարզվում է նաեւ, որ Վարդան Մելքոնյանի «ոչ պրոֆեսիոնալիզմի» պատճառով մասնագետներ են եղել, որոնք մտադրություն են ունեցել աշխատանքից ազատվել: Այդ մասնագետների խոսքերով` կոմիտեում հավաքվել են անտեղյակներ, որոնք իրավիճակին ընդհանրապես չեն տիրապետում: Նկատենք, որ հիմնական դժգոհությունները հենց կոմիտեի արդեն նախկին նախագահին են վերաբերում:

Ավելին, ըստ որոշ տեղեկությունների` Վարդան Մելքոնյանը ժամանակին «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի վարորդն է եղել,սակայն այդ մասին տեղեկությունը նրա կենսագրական տվյալներում բացակայում է:

Ի դեպ,  ArmLur.am-ը նրա կենսագրական տվյալներից տեղեկացավ նաեւ, որ 2017-2018 թվականներին աշխատել է «Լիդիան Արմենիա» ընկերությունում որպես ճարտարագետ եւ վերահսկել է ոսկու հանքավայրի հողային աշխատանքները:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս