ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար Արսեն Մանուկյանը։
Արսեն Մանուկյանը Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի դեկտեմբերի 30-ից։ Նրա նշանակումից հետո կոմիտեի աշխատակիցներին նրան ներկայացրել էր կառույցի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
Մանուկյանը իրավաբան է։ Նա ծնվել է 1968 թվականի հունվարի 14-ին։ 1989-1994 թվականներին սովորել է Երևանի ՄՅՈՒԴ իրավաբանական ինստիտուտում, ապա շարունակել կրթությունը Մոսկվայի ՌԴ կառավարությանն առընթեր օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1998 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Մանուկյանը տարբեր տարիներին աշխատել է պետական համակարգում և միջազգային ծրագրերում։ Մասնավորապես, 1998-2002 թվականներին եղել է Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, աշխատել է ԱՄՆ ՄԶԳ մի շարք ծրագրերում, եղել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խմբի ղեկավար, իսկ 2012-2013 թվականներին ղեկավարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավաբանական վարչությունը։
2018 թվականի հունիսից մինչև 2019 թվականի փետրվարը Մանուկյանը զբաղեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2019-2022 թվականներին եղել է ՀՀ փոխվարչապետի խորհրդական։ 2022-2025 թվականներին աշխատել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստան Բարեվարքություն» ծրագրում՝ որպես կառավարման ավագ մասնագետ և կոռուպցիայի կանխարգելման ու բարեվարքության համակարգերի թիմի ղեկավար։
Սոնա Գրիգորյան




























