Հարցազրույց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նորանշանակ պետ Աշոտ Կարապետյանի հետ:-Ձեր կարծիքով` հատկապես Ձեր ո՞ր արժանիքը գնահատվեց նշանակումն անելիս: -Արժանիքների գնահատականը վերադասն է տալիս: -Հայտնի է, որ Ձեզ հատկապես ընդդիմադիրները չեն սիրում: Եւ արդեն խոսվում է, որ Ձեր կողմից գործադրված բռնությունների համար նոր պաշտոն ստացաք:-Իհարկե, Ձեր ասածի հետ համակարծիք չեմ, որովհետեւ ընդդիմադիրները մեր հասարակության մի մասն են եւ մենք պարտավոր ենք նաեւ իրենց շահերը պաշտպանել, եւ հաստատ եղել են նման դեպքեր: Բայց չեմ կարծում, որ ընդդիմադիրները ճիշտ գնահատական են տալիս, որովհետեւ նրանք միակողմանի են նայում: Կներեք, մի քիչ այլ ձեւակերպում տամ, «աբիժնիկի» կեցվածքի հետ կապված գնահատական եկեք չտանք, որովհետեւ ես միշտ գործել եմ օրենքի ճշտությամբ:-Այսինքն` Ձեզ չսիրելը հիմնավորված չէ՞:-Ես թվերով կարող եմ խոսել. անցած տարի ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից 1350 հոգի ենթարկվել է քրեական պատասխանատվության: Ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից հարուցվել է 2041 քրեական գործ: Այդտեղ դիմադիր, ընդդիմադիր, բոլորն էլ կլինեն:-Այդ վիճակագրության մեջ մտնո՞ւմ են նաեւ Սամսոն Խաչատրյանի, ՀԱԿ ակտիվիստ երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործերը:-Չէ, ես որպես վիճակագրության մաս, ասում եմ ինֆորմացիոն կենտրոնի պաշտոնական տվյալները, որոնք արդեն ավարտված, դատարան գնացած գործեր են:-Դուք դեռ Կենտրոնի ոստիկանապետ էիք եւ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հիմքերը ինքներդ եք դրել: Արժե՞ր արդյոք չեմպիոնի հետ նման կերպ վարվել:-Քրեական դատավարության օրենքը նաեւ դատախազներին ու քննչական մարմիններին է լիազորություն տալիս հոդվածներ կիրառել եւ մեղմել դրանց պատժաչափը: Ես պատժաչափի խնդիրներում դեր չունեմ: Ես ընդամենը հետաքննության ղեկավարն եմ եղել` պետի կարգավիճակով: Իսկ նախաքննության եւ մեղադրանքի չափի համար պատասխանատու է դատախազությունը:-Բայց Դուք եք արարքի որակումը տալիս: -Որակում ասվածը, ճիշտ է, քննչական տերմին է, մենք օգտագործում ենք, բայց եկեք էս դեպքով չնայենք: Ես արձանագրում եմ փաստ եւ նյութեր եմ նախապատրաստում: Դա կդառնա քրեական գործ, թե ոչ, արդեն իմ գործառույթը չէ:-Իսկ ինչպե՞ս պետք է Սամսոն Խաչատրյանն իմանար, որ քաղաքացիական հագուստով մարդը ոստիկան է, եւ իր զայրույթը չարտահայտեր: Ի վերջո, այդ ոստիկանը կանանց էր քաշքշում, ծեծում:-Նախ նա ներկայացել է, պարզապես պաշտպանական կողմը այդպես է ասում: Բայց եկեք մեկ ուրիշ հարթությունում էլ նայենք հարցը. ինչո՞ւ է նա քաղաքացու վրա ձեռք բարձրացնում:-Որովհետեւ այդ «քաղաքացին» ծեծել էր կանանց:-Ո՞նց կարող է: Հայ տղամարդը, նամանավանդ հայ ոստիկանը, հավաստիացնում եմ Ձեզ, որ անգամ մարդասպան կնոջ վրա ձեռք չի բարձրացնում:-Այդպես մի՛ ասեք, դեպքեր եղել են:-Ես բացառում եմ: -Երեւանի քաղաքապետարանի դիմաց հավաքված կանանց ծեծեցին ոստիկանները, մեկի թեւը կոտրվեց:-Երեւի ուշադիր չեք եղել: Անգամ տեսախցիկով լրագրողները գնացել են, այդ կինը նման բան չի ասել: Ցավալին այն է, որ ուրիշ ձեւ են ներկայացնում հանրությանը: Եկեք ճիշտը լուսաբանենք: Նույնը Սամսոն Խաչատրյանի դեպքն է, հիմա ես ո՞նց ասեմ, որ Դուք ընդունեք` ոստիկանը ներկայացել ա: Բացի այդ, ես տեղեկություններ էլ ունեմ, որ նա այլ տեղերում ասել է, թե «տեսա՞ք «յութուբով» երկու միլիցուն ինչ եմ արել, դուխներս տեղը պտի եթանք ամսի 17-ին էս անենք, էն անենք»: Ճիշտ է, քրեական գործի մեջ չկա նման բան, բայց ես աշխատանքներ տանում եմ այդ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Չէ՞ որ դրանից էլ չի կարա աջ ու ձախ գնա: Բայց որ եղել ա, ասել ա, չկասկածեք: Ուրիշ հարց ա, որ ինքը Եվրոպայի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոնն էր, բայց էդ իմ գործառույթների մեջ չի մտնում:-Նախօրեին Սերժ Սարգսյանը անբարոյական համարեց այն մարդուն, որի պաշտոնում այսօր Դուք եք նշանակվել:-Ես` որպես ոստիկան, ՀՀ նախագահի ասածներից աչքերս կախել էի ու նայում էի ոտքերիս ծայրերին, պարզ ասեմ` ամոթից, որովհետեւ նման բան եթե արվում ա, ճիշտ էլ որակում ա գնացել: Էդքան բան կարամ ասեմ:-Դուք երաշխավորո՞ւմ եք, որ Ձեր օրոք նման բան չի լինի:-Ոնց որ ես երաշխավորեմ, թե այսօր անպայման պետք է օդ շնչեմ: Ինչի՞ մասին է խոսքը:-Իսկ Դուք` որպես սպա, ինչո՞ւ չէիք արձագանքել Թամամյանի արարքին:-Ես իմ մասով պատասխանեմ, որ եթե ես իմանայի, ուղիղ արձագանքելու էի: Դրա համար էլ մարդիկ են ազատվել աշխատանքից, որոնք իմացել եւ չեն ասել:-Ովքե՞ր:-Ես չգիտեմ:-Երբ Դուք նշանակվեցիք Կենտրոնի ոստիկանապետ, Արթուր Մեհրաբյանը դարձյալ հանցագործությունը թաքցնելու համար էր ազատվել պաշտոնից, իսկ հիմա կրկին պաշտոն ունի: Ինչո՞ւ այդ ժամանակ չարձագանքեցիք:-Ես նման բան չեմ հիշում: Իմ նշանակումը կարող եմ Ձեզ ասել: Ու ոստիկանին էլ վայել չի, որ իմանաս, դա էթիկայի նորմերի խախտում է: Միգուցե փորձել են ինձ ասել, բայց ես կանխել եմ, որովհետեւ չեմ սիրում խարդավանքներ:-Իսկ Թամամյանի մասին, որ այսօր խոսվում է, անմեղության կանխավարկած ասվածը հաշվի չե՞ք առնում:-Չեմ կարող հարցին հիմա պատասխանել: Նախաքննության ավարտից հետո, եթե կուզենաք, կասեմ: Բայց մի բան, որ արտահայտել է երկրի գերագույն հրամանատարը, չեմ կարող ես որպես ազդակ չընդունել: Զրուցեց՝ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ԱՄՈԹԻՑ ՆԱՅՈՒՄ ԷԻ ՈՏՔԵՐԻՍ ԾԱՅՐԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ