Բերման է ենթարկվել 5 տարի առաջ մահվան ելքով վրաերթ կատարած անձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հինգ տարի առաջ Երևան-Աբովյան ճանապարհին 76-ամյա մի տղամարդու մահվան ելքով վրաերթի ենթարկած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Դեպքը հինգ տարի առաջ էր կատարվել: 2015 թվականի սեպտեմբերի 21-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ կոտրվածքներով ու պատռված վերքերով իրենց մոտ 76-ամյա մի տղամարդ է տեղափոխվել: Ոստիկանները մեկնել էին հիվանդանոց: Սակայն տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել էր, իբր վնասվածքը ստացել է իր անզգուշության հետևանքով, Երևան-Աբովյան ճանապարհին, ավտոկայանի մոտ ընկնելիս:

Հաջորդ օրը բաժնում նույն անձի վերաբերյալ նոր ահազանգ էր ստացվել, որի բովանդակությունն արդեն այլ էր․ տղամարդը մահացել էր: Լայնածավալ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների և դատաբժշկական փորձաքննության եզրակացության համադրությամբ իրավապահները պարզեցին, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 21-ի սահմաններում, Երևան-Աբովյան ճանապարհին, տուժողը վնասվածքը ստացել է ` վրաերթի ենթարկվելու հետևանքով: Աբովյանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ: Ստեղծվեց օպերատիվ-քննչական խումբ:

Անհայտ վարորդի ինքնությունը պարզելու, նրան և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ, իրավապահները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: 2016 թվականի հունիսի 16-ին, որպես մեղադրյալ ներգրավվող անձի ինքնությունը հայտնի չլինելու հանգամանքով պայմանավորված, նախաքննական մարմինը որոշում կայացրեց կասեցնել քրեական գործով վարույթը:

Դեպքից 5 տարի անց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի իր մեքենայով քաղաքացուն հնարավոր է վրաերթի ենթարկած լինի Ավանի 50-ամյա մի բնակիչ: Հունվարի 11-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին ու խոստովանեց կատարածը:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 




Լրահոս