ՀԱՑԱԴՈՒԼԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ   հացադուլ է հայտարարել:Կուսակցության ակտիվին  Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնությունը անակնկալ էր  հենց սկզբից, երբ լրագրողները եւ, միգուցե, «Ժառանգության» պատգամավորները  նրան առաջին անգամ տեսան իրեն ոչ նման ու  սափրված: Իր ելույթը, որը, ինչպես եւ նախօրեին կուսակցության քաղխորհրդի անունից արված կոչը,  կարելի է համարել պահանջագիր Սերժ Սարգսյանին, պարոն Հովհաննիսյանը սկսեց  բոլորին զարմացրած հարցից. «Մեր շնորհալի լրագրողներից  մեկը նոր մոտեցավ, հարցրեց, թե ինչի հետ է կապված իմ նոր իմիջը: Ես չհասկացա, թե ինչի մասին է խոսքը, հետո իմացա, որ մի քանի սպիտակ մազ եմ թրաշել իմ երեսիցս»: Եթե այս հիգիենիկ-կոսմետիկ  պրոցեդուրան պիտի նշանակեր, որ կուսակցությունը  նոր եռանդով ու թարմացած մտնում է նոր հանգրվան, ապա «Ժառանգության» հիմնադրի հայտարարած հացադուլը խորհրդանշում է, որ իր կողմից գնահատված  արտակարգ դրության պայմաններում պայքարի առավել նպատակահարմար ձեւ է դիտվում այս ծայրահեղ միջոցը: Ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը,  առաջարկեց հացադուլը վերնագրել «Ձոն ազատության»: Ի դեպ, այն  անակնկալ էր ինչպես  լրագրողների, այնպես էլ կուսակցության վարչության համար,  որի անդամներից, օրինակ, Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե չգիտեր անգամ, որ Հովհաննիսյանը գալու է սափրված:  Առաջիկայում հանդիպելու եւ բոլոր պատասխանները տալու խոստումով իր ելույթը եւ հավաքը ավարտելուց առաջ «Ժառանգության»  հիմնադիրը ՀՀ իշխանություններից  ակնկալեց  (ո՛չ խնդրեց, ո՛չ պահանջեց) արտահերթ զույգ ընտրություններ` դրանց առաջնահերթությունը թողնելով ՀՀ իշխանություններին:  Եվ, առհասարակ, նրանց դիմեց մի քիչ խղճով  առաջնորդվելու ակնկալիքով: Ըստ Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանը շփոթել է պետական եւ կուսակցության պարտականությունները, ինչի «ամենաարտառոց, ամենաժամանակակից ու ամենադիպուկ» օրինակը փետրվարի 17-ին նախագահական նստավայրում ստորագրված կոալիցիոն հուշագիրն է. «Գործող նախագահը` որպես կուսակցապետ, օգտագործելով նախագահական հանգամանքը, հավաքեց իր գործընկերներին եւ հայտ ներկայացրեց` Հայաստանի Հանրապետությունը վերածելու Հայաստանի կուսակցապետության, ասաց հայ ժողովրդին, որ յոթը տարի սա է լինելու, ախպե՛ր ջան»,-նշեց «ժառանգության» ղեկավարը` առաջարկելով մերժել, «չհանդուրժել»  եւ բոլոր հնարավոր միջոցներով բացառել այդ «ահավոր» ու «անժողովրդական»  քաղաքականությունը: Եվ որպես դրա առաջին քայլ` հայտարարեց Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ սկսելու մասին ու  հեռացավ իր ընտանիքին հրաժեշտ տալու համար:   Հ.Գ. Ըստ իս`  մի մեսիջ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը հղեց Կոնգրեսին` ասելով, որ բոլորով միասին լինեն նույն հրապարակում, նույն «ավազանում»:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս