Տնտեսվարողները հայտնվել են անելանելի դրության մեջ. ՀԴՄ նոր սերնդի սարքերը վաճառվում են եռակի անգամ թանկ գնով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տնտեսվարողները հայտնվել են անելանելի դրության մեջ: Պատճառը ՀԴՄ նոր սերնդի սարքերի դեֆիցիտն է: Նրանք չեն կարողանում 60 հազար դրամ արժեքով ՀԴՄ սարք ձեռք բերել: Որոշ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, տեւական ժամանակ է՝ ՀԴՄ նոր սերնդի սարքերը վաճառում են եռակի անգամ թանկ գնով:

Ինչպես հայտնի է, անցած տարվա հունվարի 1-ից բոլոր տնտեսվարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն: Սա սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով: Իսկ, ահա, 2019 թվականի փետրվարի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որնոր սերնդի ՀԴՄ-ները տնտեսվարողներին պետք է վաճառվեն 60 հազար դրամով` 160 հազար դրամի փոխարեն:

ՀԴՄ սարքերի դեֆիցիտը մեծ անհանգստություն է պատճառել փոքր եւ միջին բիզնեսին: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ տնտեսվարողներից դժգոհություններ է ստացել: Նրանց խոսքերով՝ իրենք արդեն մի քանի ամիս է՝չեն կարողանում խելամիտ գնովձեռք բերել ՀԴՄ նոր սերնդի սարք: Իսկ երբ տնտեսվարողները ՀԴՄ սարք ձեռք բերելու պահանջով դիմում են ՀՀ ՊԵԿ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ, անմիջապես մերժվում են:

ՊՈԱԿ-ից փոխանցում են, որ սարք չկա, եւ չգիտեն, թե երբ կլինի: Այս ամենի արդյունքում անելանելի դրության մեջ են հայտնվել հազարավոր տնտեսվարողներ, որոնք այժմ աշխատում են հին սերնդի ՀԴՄ սարքերով: Տնտեսվարողներից մի քանիսը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ՀԴՄ սարք ձեռք բերելու համար անգամ դիմում են գրել ՊՈԱԿ-ին, բայց արձագանք չկա:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տնտեսվարողները պատմեցին, որիրենց նախապես «զգուշացրել են», որ եթե ՊԵԿ-ըստուգի եւ ՀԴՄ հին սերնդի սարք հայտնաբերելու դեպքում տուգանի, ապա տնտեսվարողը կարող է ՊԵԿ-ին ապացուցել, որինքը ամիսներ շարունակ դիմել է ՊՈԱԿ՝ ՀԴՄ նոր սերդնի սարք գնելու պահանջով: Մյուս կողմից՝ըստ տնտեսվարողների՝ այդ սարքերի գները արդեն մի քանի ամիս է՝ տատանվում են 170-200 հազար դրամի սահմաններում:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀԴՄ նոր սերնդի սարքերի վաճառքի վերաբերյալ հայտարարությունները տեղադրված են list.am կայքէջում:

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ նշված կայքէջում հիմնականում գերակշռում են ՀԴՄ նոր սերնդի սարք գնելու վերաբերյալ հայտարարությունները: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը գտավ ՀԴՄ սարքի վաճառքի մի քանի հայտարարություն եւ կապ հաստատեց վաճառողների հետ:

Պարզվում է, որ 170 հազար դրամ արժեք ունեցող սարքերն արագ սպառվել են, բայց վաճառողը խոստացավ, որ առաջիկա երկու օրերին դարձյալ կունենա: Իսկ 180 հազար կամ 190-200 հազար դրամ գին առաջարկող վաճառողները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ ունեն այդ սարքերից, բայց կտրականապես հրաժարվեցին զեղչեր անել:

Ինչո՞ւ դաշտում ստեղծվեց այս իրավիճակը:

Բանն այն է, որ ՀՀ կառավարության անցած տարվա մարտի 29-ի որոշմամբ՝ ՀԴՄ-ների ձեռքբերման գործընթացն ազատականացվեց,ինչի արդյունքումե՛ւ ֆիզիկական, ե՛ւ իրավաբանական անձինք կարող են ներկրել ՀԴՄ նոր սերնդի սարքեր: Եվ եթե նախկինում դա միայն «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործառույթն էր, հիմա ցանկացած տնտեսվարող կարողանում է որոշակի խմբաքանակ ներմուծել, ներբեռնել ծրագիրն ու վաճառել ՀԴՄ-ները: Այսինքն՝ ազատ մրցակցության պարագայում գինը սկսեց շուկան թելադրել, եւ պետական մենաշնորհը վերացվեց: Եւ ամենակարեւորը՝ դաշտը գտնվում է բարձիթողի վիճակում է, եւ արդեն մի քանի ամիս է՝ վերահսկողությունից դուրս է:

Թեեւ տնտեսվարողները մտահոգված են, որ կարող են յուրաքանչյուր պահի ՊԵԿ տեսուչների կողմից տուգանվեն, այնուամենայնիվ հարկ ենք համարում տեղեկացնել, որ նախորդ տարվա օգոստոսին ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հանդիպում էր ունեցելՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ, որից հետո հայտարարել էր՝ ՊԵԿ-ը չի տուգանի այն տնտեսվարողներին, ովքերնոր սերնդի սարքեր ձեռք բերելու համար հայտ են ներկայացրել, դեռեւս չեն ստացել այն, սակայն գործում են հին ՀԴՄ-ներով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս