«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին խառը ու լարված իրավիճակ է թե՛ ԱԺ ,Իմ քայլըե խմբակցությունում, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստերում: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանության ներկայացուցիչները գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկում են ՍԴ-ի շուրջ ստեղծված անորոշ վիճակը, ու թե առաջիկայում կոնկրետ ինչ քայլեր պետք է իրականացնել, ինչի մասին բարձրաձայնել ու ինչի մասին լռել:
Ըստ մեր տեղեկությունների՝ դա է եղել պատճառը, որ իշխող խմբակցության ղեկավարությունը որոշել է երեք օրով խմբակցության անդամներով մեկնել Դիլիջան: Նրանք նպատակ ունեն մշակել իրենց 2020 թվականի ռազմավարությունը ու ի մի բերել անելիքները, քանի որ վերջին ժամանակահատվածում խմբակցության անդամների դիրքորոշումները սկսել են միմյանցից տարբերվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ են ընթանում քննարկումները: Իմքայլականները սեղանի շուրջ քննարկում ու դիրքորոշում են ներկայացնում, միմյանց կարծիքները հավաքագրում, որպեսզի հետագայում ի մի բերեն:
Մենք տեղեկացանք, որ խմբակցության հիմնական քննարկումները սկսվելու են այսօրվանից, որի ժամանակ էլ պետք է հստակեցվեն իրենց օրակարգն ու անելիքները: Իմքայլականները մեզ հետ մասնավոր զրույցներում նշեցին, որ իրենց համար դեռեւս պարզ չէ, թե արդոք քննարկումներին կմիանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե ոչ, քանի որ վերջինս այս պահին պաշտոնական գործուղման է: Թե այս դիլիջանյան հանդիպում-քննարկումներից ինչի կհասնեն իշխանական խմբակցության պատգամավորները, դժվար է ասել, բայց որ ձմեռային հանգիստն ապահովված է լինելու օրենսդիրների համար, դա արդեն փաստ է:
Նյութը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ