Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի նոր դպրոցի շինարարությունը, որը պետք է ավարտված լիներ դեռևս 2024 թվականին, հերթական անգամ հետաձգվել է։ Այժմ իշխանությունները խոստանում են, որ շուրջ 1 միլիարդ 218 միլիոն դրամ արժողությամբ նախագիծը կավարտվի միայն 2027 թվականին։
ArmԼur.am-ին Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի տրամադրված տեղեկատվության համաձայն՝ մարզում ժամկետանց պետական ծրագրերից միակն այսօր Դովեղի դպրոցի շինարարությունն է։
Ըստ նրա, ծրագրի ավարտը նախատեսվում է 2027 թվականին։ Մարզպետարանը նաև տեղեկացրել է, որ մարզում կա մեկ ժամկետային ծրագիր՝ Այրումի մանկապարտեզի բակի բարեկարգումը, որի ավարտը նախատեսված է հուլիսի 31-ին։ Ծրագրի երկարաձգման պատճառ են դարձել երկարատև անձրևները և ցանկապատի համար անհրաժեշտ նյութերի բացակայությունը հայկական շուկայում։
Դովեղի դպրոցի շինարարությունը մեկնարկել էր դեռևս 2022 թվականի վերջին։ Ժամկետի առաջին երկարաձգումից հետո այն պետք է ավարտվեր 2024 թվականի հունիսին, սակայն աշխատանքները բազմաթիվ խոչընդոտների պատճառով այդպես էլ ավարտին չեն հասցվել։
Սկզբնական շրջանում շինարարությունն իրականացրել է «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն։ Սակայն 2024 թվականի գարնանը աշխատանքները մի քանի ամսով դադարեցվել էին, քանի որ աշխատավարձերի ուշացման պատճառով տեղացի բանվորները հրաժարվել էին շարունակել աշխատանքը։ Նրանց փոխարինել էին նախ հնդիկ, ապա՝ արաբ աշխատողները։
Խնդիրները միայն դրանով չեն սահմանափակվել։ Քաղաքաշինության կոմիտեի մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել էր, որ կապալառուն աշխատանքներն իրականացրել է պայմանագրային ժամկետների կոպիտ խախտումներով, ինչպես նաև նախագծային լուծումներից և պահանջվող որակից շեղումներով։ Այդ հանգամանքները հաստատվել էին նաև լաբորատոր փորձաքննություններով։
Արդյունքում 2025 թվականի փետրվարին Քաղաքաշինության կոմիտեն լուծարել էր «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը։ Ընկերությունը դատարանում վիճարկել էր այդ որոշումը, և հայցի ապահովման միջոց կիրառելու հետևանքով շինարարությունը ժամանակավորապես կրկին կասեցվել էր։ Սակայն արդեն 2025 թվականի ապրիլին դատարանը մերժել էր ընկերության պահանջները՝ վճիռ կայացնելով հօգուտ Քաղաքաշինության կոմիտեի։
Դովեղի վարչական ղեկավար Գնել Կիրակոսյանի տեղեկացմամբ՝ այժմ շինարարությունն իրականացնում է նոր կապալառուն՝ «Պրոմ գրուպ» ՍՊԸ-ն, որն արդեն վերսկսել է աշխատանքները։
Դպրոցի կառուցման ընթացքում խնդիրներ էին առաջացել նաև հարակից ենթակառուցվածքների հետ։ Շինարարության մեկնարկից շուրջ չորս տարի առաջ վնասվել էր գյուղ մտնող հիմնական ճանապարհի մի հատվածը։ Այժմ այդ ճանապարհը լայնացվել է, կառուցվում է նաև պաշտպանիչ հենապատ, որի շինարարությունը, վարչական ղեկավարի խոսքով, կավարտվի մոտ մեկ ամսից։
Այսպիսով, Դովեղի դպրոցի շինարարությունը, որը պետք է օրինակելի կրթական ծրագիր դառնար սահմանամերձ համայնքի համար, արդեն վերածվել է երկարամյա շինարարական ոդիսականի։ Ավելի քան մեկ միլիարդ դրամ արժողությամբ պետական ծրագիրը ժամկետների խախտումների, որակի խնդիրների, դատական վեճերի և կապալառուների փոփոխության հետևանքով հետաձգվել է առնվազն երեք տարով՝ թողնելով գյուղի երեխաներին դեռևս առանց նոր դպրոցի։
Ոսկան Սարգսյան
























































































