Վերահսկողություն չկա. Մեկ ամսում բժշկական դիմակները 6 անգամ թանկացել են. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի և սուր շնչառական վարակների տարածման ակտիվ սեզոնին դեղատներում գրեթե անհնար է դիմակ գտնել, իսկ եղածներն էլ օր օրի թանկանում են։ Համեմատության համար նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ դեղատներում սովորական եռաշերտ դիմակը արժեր 25 դրամ, իսկ այսօր արժե 150-300 դրամ։

Մեր խմբագրություն ահազանգած հղի կինը, որի խոսքով՝ տանից դուրս գալիս օրվա մեջ իրեն հարկավոր է լինում 4-5 դիմակ, ասաց, որ նախ ստիպված է մի քանի դեղատուն մտնել, ապա վճարել անհամեմատ ավելի շատ գումար։ Տարօրինակ է՝ համաճարակի կամ նման վտանգի դեպքում տրամաբանությունը հուշում է, որ դիմակները պետք է ավելի հասանելի ու մատչելի լինեն, իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է՝ դժգոհեց մեզ զանգահարած կինը։

Ի դեպ, մենք պարզեցինք նաև, որ այս օրերին որոշ մարդիկ դեղատներից մեծ քանակությամբ դիմակներ ու բժշկական ձեռնոցներ են գնում ու դրանք ավելի բարձր գնով վերավաճառում list.am-ում. բժշկական դիմակներն, օրինակ, վաճառվում են 300 դրամով։ Այսինքն՝ մեկ ամսում բժշկական դիմակները մոտ 6 անգամ թանկացել են, և որևէ վերահսկողություն չկա դա թույլ չտալու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս