Շատ կներես, մեր գյուղի կամ մեր ժողովրդի խելքի բա՞նն է Սահմանադրական դատարանի կազմը. գյուղապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչները մեծ անհամբերությամբ սպասում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Ցամաքասարի գյուղապետ Գոռ Գրիգորյանը:

-Պարո՛ն Գրիգորյան, Ցամաքասարում ի՞նչ կարծիք ունեն Սահմանադրական դատարանի մասին:

-Ա՛յ քուր ջան, ցավդ տանեմ, ո՞ւր ա ժողովուրդ որ… ո՞ւր ա մնացել ժողովուրդ, որ կարծիք ունենան…

-Քանի՞ բնակիչ եւ ընտրող կա Ցամաքասարում:

-Բոլորը դուրսն են. տղաները գնացել են արտագնա աշխատանքի. կգան էլի: Երեկ նստել ենք ու տուն-տուն հաշվել, պարզվեց՝ 500 բնակչից փաստացի մնացել է 321 մարդ:

-Իսկ ի՞նչ առիթ կար, որ տուն-տուն հաշվել եք: Գուցե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի՞ն եք պատրաստվում:

-Չէ՛, զբաղվելու համար, հորեղբայրս հիվանդանոցում է, ես էլ ամբողջ գիշեր պարապ նստած էի ու տուն-տուն հաշվեցի՝ երեխաներով, մեծերով: Հետաքրքրության համար, ուրիշ բան չկա… Երեւի 140-150 ընտրող հավաքվի:

-Պարո՛ն Գրիգորյան, արդյոք հետաքրքրվա՞ծ են մարդիկ հանրաքվեով: Կմասնակցե՞ն, թե՞ ոչ:

-Գյուղացին հիմա պարապ է, ո՞նց չեն մասնակցի: Ճիշտն ասած, էսօրվա մարդուց գլուխ չես կարող հանել. կասեն՝ այո, բայց կարող է գնան, գրեն՝ ոչ: Շատ գիտեմ:

-Քննարկո՞ւմ են՝ մեզ արդյոք պետք է Սահմանադրական դատարանը՝ ներկա կազմով, թե ոչ:

-Շատ կներես, մեր գյուղի կամ մեր ժողովրդի խելքի բա՞նն է, որ քննարկեն՝ պետք է, թե ոչ: Նիկոլ Փաշինյանին սիրելով՝ ասում են՝մեր ղեկավարը ոնց ասում է, այդպես էլ անելու ենք: Շատ կներես, մի 4-5 էլ կլինի, որ Սերժին սիրելով՝ կգնան, կասեն՝ ոչ:

-Իսկ Դուք՝ որպես գյուղապետ, հանրաքվեին մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ: «Այո՞» եք գրելու, թե՞ «Ոչ»:

-Բա ամոթ չի՞, որ չգնամ: Իսկ «այո» կասեմ, թե «ոչ»՝ դա էլ թող մնա գաղտնիք:

-Իսկ մարզպետարանից, հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների հետ կապված, որեւէ հրահանգ կամ հանձնարարական ստացե՞լ եք, թե՞ ոչ:

-Չէ՛, չէ՛, նման խոսակցություն չի եղել: Քարոզարշավը որ սկսվի, կգան կասեն, կիրազեկեն մարդկանց…

-Բայց կգա՞ն…

-Ինչո՞ւ չեն գա, ճանապարհները, մայթերը նորոգված են, լուսավորությունը կա. որ հիմա չգան, բա ե՞րբ գան: Հավեսի համար թող գան, պտտվեն գնան: Բայց, դե, ամեն մեկն իր ձեւով հասկանում է, հիմա էն չոբանի հետ էլ որ խոսում ես, մեզանից շատ է հասկանում: Ակտիվ են ժողովուրդը, հա, հա… Ընտրությունը գյուղի համար մի հետաքրքիր բան է, որ մարդիկ գնում են այնտեղ, իրար են տեսնում: Նոր շոր կհագնեն, կսանրվեն, կսափրվեն կգնան, որ իրար տեսնեն. առիթ է: Բա խեղճ ժողովուրդն ի՞նչ անի. ուրիշ զբաղմունք չունեն:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս