Ալիկ Սարգսյանը հիասթափվա՞ծ է․ նախկին պատգամավորը՝ ՀՀԿ-ն լքելու մասին և ոչ միայն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լքել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ որոշել է այլեւս որեւէ քաղաքական կամ հասարակական գործունեությամբ չզբաղվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին ոստիկանապետը հայտարարեց, թե հիասթափված է այն իրավիճակից, որն այսօր առկա է:

-Պարո՛ն Սարգսյան, տարբեր տեղեկություններ են շրջանառվում՝ Ձեր՝ ՀՀԿ-ի շարքերը լքելու հետ կապված:

-Դուք ե՞րբ եք մոռանալու ինձ. ո՛չ հարցազրույց եմ տալիս, ո՛չ եթերներում երեւում եմ, ոչ մի բան չեմ անում, այս ամեն ինչից հոգնել եմ:Ինչ տեղեկություններ են շրջանառվում՝ասեք՝ դա էլ ասեմ, ու, խնդրում եմ, մոռացե՛ք ինձ:

-Բայց ինչի՞ց եք հոգնել, ինչո՞ւ եք նման հայտարարություն անում:

-Չեմ ուզում որեւէ բան իմ մասին գրվի, դրանք հերյուրանքներ են, որ տարածվում են, սուտը, շանտաժը, զրպարտանքը շատ-շատ է, ինչ-որ հակասական տեղեկություններ են հրապարակվում: Չգիտեմ, հոգնել եմ այդ ամենից, այս չարախոսությունից, ուղղակի հոգնել եմ, ոչ մեկ լավ բան չի խոսում, ոչ մեկ բարի խոսք չի ասում, կյանքում չեմ տեսել, որ որեւէ մեկը մի բարի բան գրի.մենակ վատ, վատը: Եթե մի հատ բան է հարուցվում, արագ գրում են, հարցեր, քննարկել բայց հենց գործը կարճվում է, հենց որ ադարացվում է, ոչ մի բան, սուս… Դրա համար, հավատացե՛ք, հոգնել եմ. դա մարդկային ճիշտ հարաբերություններ չեն, պետք է, իմ կարծիքով, իրերն իրենց անունով կոչել: Բայց ես տեսնում եմ՝ ոչ մի բան օբյեկտիվ չկա: Ես չգիտեմ, թե սա ինչ է:

-Ումի՞ց եք կոնկրետ Դուք դժգոհ՝ լրատվամիջոցների՞ց, թե՞ իշխանությունների վարած քաղաքականությունից, ի՞նչն է Ձեզ ստիպում նման դիրքորոշում ունենալ:

-Ես իշխանությունների վարած քաղաքականության մասին ընդհանրապես չեմ խոսում, գոհ եմ, դժգոհ եմ՝ դա ընդհանրապես չեմ քննարկում: Ես իմ մեջ ամեն ինչ հասկանում եմ, ամեն ինչ տեսնում եմ, բայց չեմ ցանկանում այդ ամենի մասին մի բառ անգամ խոսել:

-Այսինքն՝ քրեական գործերի հարուցումը Ձեր անձի՞ հետ է կապված, որի մասին հակասական տեղեկություններ են տարածվում:

-Ես չգիտեմ՝ ինչու են լրատվամիջոցները այդպես վատի հետեւից վազում… Չգիտեմ, ես որեւէ բան չեմ ցանկանում խոսել, ես չեմ ուզում մանրամասնել: Ես արդեն ասեցի այն, ինչ մտածում եմ:

-Պարո՛ն Սարգսյան, Դուք օրերս որոշում եք կայացրել լքել Ձեր հարազատ Հանրապետական կուսակցությունը, դուրս եք եկել կուսակցության շարքերից: Ինչո՞ւ, ո՞րն է այդ ամենի պատճառը, խնդրում եմ, մի քիչ մանրամասներ ներկայացրե՛ք, գուցե կուսակցության ներկայացուցիչների հետ ընդհարո՞ւմ եք ունեցել:

-Այո, դուրս եմ եկել, որեւէ ընդհարում չկա, ոչ մի բան չի եղել, ուղղակի ես չեմ ուզում կուսակցության աշխատանքով զբաղվել, տարիքս էլ չի ներում, առողջականս էլ չի ներում, տրամադրությունս էլ այդպիսին չի, վաղուց էի որոշել: Գնացել եմ, դիմում եմ գրել, դուրս եմ եկել, շատ նորմալ, շատ բարիդրացիական ցտեսություն եմ ասել, ոչ մի հակասություն չի եղել: Հավատացե՛ք, ընդհարում չի եղել ու չի կարող լինել. եթե նման բան լիներ, ապա ես առաջինը դրա մասին կխոսեի: Ես ուղղակի վաղուց էի որոշել:

-Բայց ՀՀԿ-ն հիմա, կարելի է ասել, ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում, ու տարակուսելի է, որ հենց այժմ եք այդ դիմումը ներկայացրել:

-Ես եթե որեւէ կուսակցության անդամ եմ, ապա ես պարտավոր եմ գոնե մի բանով աջակցել, պարտավոր եմ գործ անել, մարդկանց հետ շփվեմ, հանդես գամ ինչ-որ խոսքով:Ես դրանով չեմ զբաղվում, կուսակցության մեջ մնալու իմաստը ո՞րն է, էնքան որ ցուցակով լինեմ կուսակցության մե՞ջ: Իմաստ չկար դրա մեջ, ես չտեսա իմ աշխատանքի արդյունավետությունը, դրա համար չէի ուզում շարունակել: Այնպիսի մարդիկ թող ներգրավվեն, որ իրենց պետք կլինեն. ես հաստատ պետք չեմ:

-Դուք այլեւս որոշել եք քաղաքական որեւէ գործունեությամբ չզբաղվե՞լ:

-Ես ընդհանրապես որեւէ գործունեություն չեմ ծավալի, առայժմ իմ՝ որպես հանրային դեմքի պահանջարկը չկա, հանրությունը առանաձնապես չի զգում, դե, նշանակում է, որ ժամանակներն են այդպիսին, որ իմ պահանջը չկա: Երեւի երիտասարդները ավելի ճիշտ են որոշում անել, թող անեն: Ես ի՞նչ ասեմ, այս պահին ես որեւէ բան չունեմ ասելու, իմ հերթը, երբ իմ կարիքը լինի խոսք ասելու, իմ ժողովրդին, եթե ես կարողանամ մի բանով օգնել, չկասկածե՛ք, որ ես առաջին շարքերում կլինեմ: Իմ ժողովրդի կողքին կլինեմ ցանկացած պարագայում: Ես այս պահին հանգստանում եմ, որեւէ այլ գործունեությամբ չեմ ցանկանում զբաղվել, հոգսեր ունեմ, զբաղված եմ դրանցով:

-Փետրվարի 25-ինսպասվում է Ձեր առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ կապված դատական նիստը:Տեղեկություններ կան, որ իր թիմակիցներին հորդորում են լինել դատարանի մոտ: Գնալո՞ւ եք:

-Ես որեւէ տեղեկություն այդ մասին չունեմ, ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն իմ պաշտպանության կարիքն ունի: Նման ակնարկ չի եղել, այդպիսի տրամադրություն էլ այս պահին չունեմ: Ես ահագին հոգսեր ունեմ, զբաղված եմ իմ կյանքով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս